Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս «Ռախմանինովյան գունապնակ» խորագրով համերգը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, մենակատարների, ռուսաստանաբնակ արվեստագետներ՝ դաշնակահարներ Զարինա Շիմանսկայայի, Իլյա Պապոյանի եւ գեղանկարիչ Աշոտ Թադեւոսյան-ՏԱԹԵՎ-ի մասնակցությամբ, հանդես եկավ Ռախմանինովի 2-րդ եւ 3-րդ դաշնամուրային կոնցերտների մեկնաբանմամբ։ Հայաստանյան իրականությունում առաջին անգամ գեղանկարիչը համերգի ընթացքում կտավին էր հանձնում երաժշտությունից ստացած տպավորությունները, զգացողությունները, էմոցիաները…
Երեկոյի ավարտից հետո Աշոտ Թադեւոսյան-ՏԱԹԵՎ-ը մեզ փոխանցեց հետեւյալը. «Կարծում եմ՝ երաժշտությունը արվեստի ամենաաբստրակտ ձեւն է, որ տրված է մարդուն։ Երաժշտությունը ունակ է փոխանցելու այն զգացմունքները, որոնք բառերով հնարավոր չէ արտահայտել։ Գույնի եւ մեղեդու, նկարչության եւ երաժշտության, նկարչի եւ երաժշտի երկխոսությունը եւս մի միջոց է այդ զգացմունքներն արտահայտելու։ Ահա թե ինչն է արվեստի աստվածային ուժը»։
Մեր զրուցակիցն ասաց, որ իր քառասունամյա ստեղծագործական գործունեության ընթացքում 15 տարի է, ինչ «նկարում է» երաժշտություն։
Կարդացեք նաև
Չորս տարեկանում Գյումրիից Մոսկվա տեղափոխված գեղանկարիչը բարձրակարգ ուսում է ստացել Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բուհերում, ինչպես նաեւ Երեւանում՝ ճարտարապետի, վերականգնողի, արվեստագիտության եւ բեմանկարչի:
Ասաց, որ Ռախմանինովին անդրադարձել է Մոսկվայում, Բոլշոյ թատրոնի պրիմադոննա Աննա Ագլապովայի ընկերակցությամբ, հնչել են ռուս կոմպոզիտորի ռոմանսները։ Իր խոսքերով՝ հաճախ է երաժշտություն «նկարել» Վիվալդիի, Մոցարտի ստեղծագործությունների հնչյունների ներքո։
Մեր զրուցակցին հիշեցրինք մի քանի օր առաջ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դահլիճում կայացած երեկոն, որտեղ նա դարձյալ երաժշտություն էր «նկարում», այս անգամ՝ Մոցարտ, «Կիլիկիա» լարային քառյակի (ղեկավար՝ Նարինե Սիմոնյան) եւ ֆլեյտահարուհի Պոլինա Վիբարեւայի ընկերակցությամբ:
Հետաքրքրվեցինք, թե երբեւէ հայ կոմպոզիտորների երկերի հնչյունների ներքո «նկարե՞լ» է։ «Իհարկե: Համավարակի բռնկումից բառացիորեն մի քանի օր առաջ Սաուդյան Արաբիայում կայացած արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում «նկարեցի» Էդվարդ Միրզոյան ու Ղազարոս Սարյան»,- ասաց արվեստագետը։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչ գույներ է նախընտրում երաժշտություն «նկարելիս»։ Նկարչի պատասխանը հակիրճ էր. «Իմ սիրած գունային գամման արեւն է, սերը եւ կենսուրախությունը, ինչը պետք է տեսնել»։
Հարցին՝ ինչպե՞ս ստեղծվեց երեւանյան համագործակցությունը, Աշոտ Թադեւոսյան- ՏԱԹԵՎ-ը հայտնեց, որ Մոսկվայի իր արվեստանոցում Դուրգարյանի եւ դաշնակահարների հետ հանդիպել է 2024-ի դեկտեմբերին՝ նրանց դիմանկարները ստեղծելու առիթով, այդ օրերին էլ ծնվել է երեւանյան համերգի գաղափարը։
Իսկ թե երաժշտությունը նկարի վերածելուց հետո դրանք ի՞նչ ճակատագիր են ունենում, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Վաճառքից սկսած մինչեւ բարեգործություն»։ Թեեւ գեղանկարիչը չի սիրում խոսել իր բարեգործական աշխատանքների մասին, մեզ հաջողվեց ճշտել, որ արդեն յոթ տարի է՝ ինչ նկարների վաճառքից ստացած գումարը փոխանցում է Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին եւ նույնիսկ վարպետության դասեր անցկացնում այդ կենտրոնում բուժվող երեխաների հետ։
Տեղեկացնենք, որ նրա գեղանկարները, գրաֆիկական ու քանդակային գործերը պահվում են Հայաստանի, Ռուսաստանի թանգարաններում։ Հավելենք նաև, որ Աշոտ Թադևոսյան-ՏԱԹԵՎ-ը հեղինակել է բազմաթիվ գեղարվեստական, ճարտարապետական եւ վերականգնողական նախագծեր, ինչպես նաեւ՝ կինոյի ու թատրոնի էսքիզներ՝ Ռուսաստանում, Հայաստանում, Իրաքում, Ղազախստանում, Ֆրանսիայում։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ