Սկիզբը՝ այստեղ:
Ծաղկաձորյան հանդիպումներ
- Ծաղկունքի մատուռները
Մեսրոպ Մանուկյանը ցույց տվեց սյուների վրա կառուցված երկաթգիծն ու ասաց, որ այն այնպես էլ իրականություն չդարձավ։ Պատմեցի, որ 1961 թվականին, երբ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի, ինձ մոտ հղացավ ասինխրոն էլեկտրական շարժիչը միագիծ դարձնելու գաղափարը, որի միջոցով կարելի էր միագիծ սահող երկաթուղի պատրաստել։ Իմ գծագրերը առաջարկեցի իմ դասախոսներին։ Ինձ ծանոթացրին մի խումբ հետազոտողների հետ, որոնց հետաքրքրեց իմ առաջարկը։ Նրանք պահանջեցին գծագրերն ու հաշվարկները։ Հետո ես չիմացա, թե ովքեր են նրանք, միայն տեղեկացա, որ մի հիմնարկ մոնոռելսային երկաթգիծ է պատրաստում Երեւանից Ծաղկաձոր հասնելու համար։ Հիմա այն ավերակ էր դարձել։ Առաջին անհաջողությունից հետո դադարեցրել էին հովանավորչությունը։ Իսկ իմ կարծիքով անհաջողության պատճառը սկսնակ ինժեներին հեղինակային իրավունքից զրկելն էր, նրա աշխատանքն ու մտահղացումը անօրեն յուրացնելը։ Ի վերջո, ես ամեն ինչ չէ, որ տեղադրել էի ծրագրում։ Ինչ-որ բան դեռեւս մշակման կարիք ուներ, մանավանդ էլեկտրամագնիսական դաշտի պոտենցիալի ստեղծումը։
Արտավազավանք հասանք։ Տարիներ առաջ տեսել էի վանքը նույն կիսափուլ վիճակում։
Կարդացեք նաև
Երկրորդ անգամ եմ այստեղ լինում։ Այստեղ ապրող թուրքերին 1988 թ. ավտոբուսներ տրամադրեցին ու բեռնատարներ, ու առանց հակամարտելու, անաղմուկ հեռացան Ադրբեջանի Հանրապետություն։
Հիշեցի Քաշաթաղի Վարազգոմերի եկեղեցին։ Ռեժիսոր Վահան Ստեփանի հետ ֆիլմ նկարահանեցինք, ներկայացնելով հաշվարկը, դիմեցի Արդշինբանկի խորհրդին՝ միջոցներ տրամադրելու կիսաքանդ եկեղեցին վերականգնելու համար։ Խորհուրդը քննարկեց հարցը ու որոշեց. քանի որ Բակուր Կարապետյանը մի հոդվածում քննադատել է բանկի տերերից մեկին, ապա մերժում են 9-րդ դարի եկեղեցու վերականգնման հարցը։ Ես կարծում եմ, որ մեր վերջին տարիների ծանր կորուստները կապված են հայրենիքի ու մարդկանց նկատմամբ քաղաքական ու տնտեսական վերնախավի վերաբերմունքի հետ։ Եթե մի երկրում չի գնահատվում անհատի միտքը, մտահղացումը, ապա այդ երկիրը անընդհատ անկում է ապրում, կորցնում պետականությունը, ինքնությունը, տարածքները, մշակույթը։ Իհարկե, նման վերաբերմունքի պայմաններում կկորցնենք ոչ միայն Վարազգոմերի, Արտավազավանքի, Արցախի ավելի քան 300 եկեղեցիները, 20-ից ավելի վանական համալիրները, հայրենի եզերքը. պետությունը, գետերը, լեռները, նախնիների գերեզմանները…
Թոռանս՝ 10-ամյա Ռոբերտի հետ եկեղեցի մտանք։ Մի տեղ փոքրիկ խաչ էր կախված։
-Ի՛նչ խաչ է սա, ո՞վ է կախել։
-Վանք այցելող քրիստոնյաները, -ասացի ես։
-Կլինի իմ խաչը թողնեմ եկեղեցուն, -հարցրեց նա։ Մի պահ մտածեցի՝ ծնողները թույլ կտայի՞ն, թե՝ ոչ։
-Չէ, Ռոբերտ, քո պլաստիկ խաչը հարմար նվեր չի եկեղեցուն…
Քիչ անցա եկեղեցու հետեւը, լուսանկարելու խաչքարերն ու վիմագրերը։ Ցողապատ խոտերի արանքներում կտրուկ սայթաքեցի ու գետնին փռվեցի, գլուխս հարվածեց երկու քարերի արանքում հողին։ Մտածեցի, որ իմ անկումը կազմակերպող հրեշտակները խնայել են ինձ։ Երեք տարի առաջ ընկել էի կեռասենուց, վնասվել էր գլուխս, ու «Էրեբունու» նեյրովիրաբույժները գլխիս երկու վիրահատությամբ հրաշքով ինձ բերել են նախկին տեսքի՝ բացառությամբ գանգոսկրիս վեց սանտիմետր տրամագծով հեռացված հատվածի։ Ես վեր կացա ու հեռացա։
Երբ բավականին հեռացել էինք, նկատեցի, որ արեւային ակնոցներս եմ կորցրել։ Վանքի տարածքում ընկնելիս այն ընկել էր խոտերի մեջ։ Երբ պատմում էի այդ մասին, հիշեցի, որ Ծաղկաձոր գալուց առաջ տանը ինքնաբերաբար մեկ այլ արեւային ակնոց էլ էի վերցրել, ու նման բան երեւի առաջին անգամն էր։ Անգիտակցաբար երկրորդ ակնոցը վերցրի, երեւի ենթագիտակցությունը նախապես գիտեր, որ կորցնելու եմ հիմնական ակնոցը, ասես առանց արեւի ակնոցի անհնար է գոյությունս։ Ենթագիտակցական զգացումների մասին ես գրել եմ «Երկրագնդի մանրե տիրակալը» վեպը։
Մեսրոպը պատմեց, որ Մեղրաձորի ոսկու բաց հանքի շահագործման հարցը պետք է քննարկեր գյուղի Ավագանին։ Ութ հոգուց վերցը կողմ են հանքը փակելուն։ Ձորում ոսկու ու մոլիբդենի վեց հանք կա։ Դրանք զգալի վնաս են հասցնում շրջակա բնությանը։ Սակայն վճռական քվեարկության ժամանակ Ավագանին քվեարկեց օլիգարխի օգտին, ինչպես ավանդական խոսքն է ասում. «Լոբի են լցրել Ավագանու անդամների գրպանները»։
Մարմարիկ հորդառատ գետը ամբարվել է մի տեղ՝ թեթեւացնելու Սեւանի հոգսը։ Սակայն ձորում կարելի է նման ամբարտակների շարք կառուցել, որը ջրի հետ կապված շատ հարցեր կլուծեր։
Ետ՝ Հրազդան վերադարձանք։ Աջ կողմում Գագարինն էր։ Անցանք Զովաբերը, ապա եւ Դդմաշենը։ Պարզվում է, որ գյուղը դդումի հետ կապ չուներ։ Երկու հանդիպակաց, դեմ առ դեմ եկեղեցիներ էին հիմնել, որի պատճառով էլ գյուղի անունը դեմ դեմացից Դդմաշեն էր դարձել
Ծաղկունք գյուղից բլրի կատարին երեւում է Սուրբ Սարգիս եկեղեցին:
Ծաղկունք գյուղը մեր թվագրությունից առաջ եղել է Վարուժանիքի գավառի կենտրոն։ Թվում է, որ Վարուժանիք անունը ավելի կսազեր, քանի որ կպահպաներ պատմական անվանումը, ինչպես եւ հիշատակը, խոր անցյալի հետ կապը։
Մատուռը կառուցվել է 7-րդ դարում։ Նրա կողքին եկեղեցի է եղել, որը ավերվել է, իսկ ներկայիս եկեղեցու կառուցումը ավարտվել է 2006 թվականին։ Եկեղեցու կից տարածքում գերեզմանոցն է՝ ապառաժե տապանաքարերով։ Մեռյալներին թաղել են առանց քարերին գրելու։ Նման գերեզմանոց ես տեսել եմ Արագածոտնի մարզի Եղիապատրուշ գյուղում։ Սուրբ Սարգիս մատուռի շուրջը եւ ներսը խաչքարեր են հավաքել, դրանց փրկելու նպատակով։
Ալեքսանդր Լապշինը մոմ վառեց ու լուսանկարվեց մոմի հետ։
Գերեզմանոցը, ինձ թվում է, մեզ է հասել հեթանոսական ժամանակներից։
Ծաղկունքն ունի մեկ այլ՝ սուրբ Հովհաննես մատուռ, որը գյուղացիների համար երդման վայր է։ Երբ մարդը վատ բան է կատարում, նա երդվում է մատուռին, որ ընդմիշտ հեռանում է գյուղից, իսկ եթե երդվում է, որ այլեւս հանցանք չի գործի, ներվում է թե մատուռի, եւ թե գյուղի հասարակության կողմից։
Ծազկեվանք մատուռը ավերվել է 1604 թ., երբ շահ Աբբասը գյուղի բնակիչներին գաղթեցրեց Իրանի խորքերը։ 1940 թ. մատուռի քարերը ջարդել, լցրել են գյուղի կառուցվող դպրոցի հիմքը։
Հայտնի է նաեւ Ծաղկունքի «Քրջոտ քար» վայրը։ Խաչքարի միջից ծառ է աճել, որը սրբացվել է, ու նրա ճյուղերից բնակիչները շորի կտորներ են կախում՝ որոնք եւ պետք է կրեն մարդկանց հոգսերն ու հիվանդությունները։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2025