Վերջերս անդրադարձա Կարեն Ասոյանի (ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում) քաղաքացիական գործին («2021թ. ապրիլի 1-ին նշանակված շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը «տեղ հասավ» 4 տարի հետո», մայիսի 17, «Առավոտ»): 2018թ. հուլիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանը ծանոթանալով հայցվոր Արթուր Գասպարյանի ներկայացուցիչ Դ. Վարդանյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Կարեն Ասոյանի եւ նրա կնոջ՝ Ազնիվ Ասոյանի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին փաստաթղթերին, հայցի ապահովման միջոց էր կիրառել հայցագնի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի չափով. արգելանք էր դրել Ասոյաններին պատկանող գույքի՝ Երեւանի Զուրաբյան փողոցի 60 տան վրա:
Այն մինչ օրս արգելանքի տակ է: Տեղեկացրել էինք, որ գործը քննվել է առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում, եւ որ Վճռաբեկ դատարանում էր 2024 թ. հունիսից: Դատարանը 27.12.2019թ. որոշմամբ մերժել էր հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը: Իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել էր մերժել Ա.Գասպարյանի հայցը, բավարարել Ասոյան ընտանիքի վերաքննիչ բողոքը: Վճռաբեկ դատարանից երեկ տեղեկացա, որ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, եւ գործն ուղարկել նոր քննության:
Հիշեցնեմ, որ Կարեն Ասոյանը հայրական տունը վերանորոգելու համար դիմել էր «Աշտարակնախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գասպարյանին, սակայն շինաշխատանքները բազմաթիվ թերություններով էին: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ նրանք փոխանցումներով շինկազմակերպության պահանջած գումարները տվել էին: Ասոյանի կինը 2015 թ. մայիսի 4-ին ոստիկանությունում հադորդում էր տվել այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Երեւան քաղաքի Զարուբյան փողոցի 60-րդ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով 2012 թվականի հունիս ամսից մինչեւ 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում «Աշտարակնախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գասպարյանին մաս-մաս տվել է ընդհանուր 476.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս գումարներն ամբողջությամբ չի օգտագործել տան կառուցման համար եւ խարդախությամբ, անհատույց տիրացել է վերցված գումարից 130.000 ԱԱՆ դոլարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2025