Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԸ կարող եք հիմնադրել նաեւ լիազորված անձի միջոցով

Հունիս 27,2025 13:30

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել ինչպես «Առավոտի» իրավական էջին (հեռախոս՝ 060-27-48-06), այնպես էլ կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

Ո՞րն է բիզնես սկսելու նախընտրելի ձեւը՝ ԱՁ. թե՝ ՍՊԸ

Բիզնեսի հայերեն համարժեքը ձեռնարկատիրությունն է, որի բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում, ըստ որի՝ «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»: Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցումների վիճակագրության՝ անհատ ձեռնարկատերերն ու ՍՊԸ-ներն ամենաշատ տարածում գտած կազմակերպաիրավական ձեւերն են, հետեւաբար՝ կանդրադառնանք այդ 2 ձեւերին։

Բիզնես գործունեություն նախաձեռնող անձին միշտ հետաքրքրում է, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան դրա իրականացումը. պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել որպես ԱՁ, թե՝ գրանցել ՍՊԸ:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից եւ իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է»:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի»:

Նշված օրենքների ուսումնասիրությունից եւ վերլուծությունից պարզ է դառնում, որ ԱՁ-ի եւ ՍՊԸ-ի հիմնական տարբերությունը կապված է պատասխանատվության շրջանակի հետ. եթե ԱՁ-ի պարագայում ֆիզիկական անձը ԱՁ-ի պարտավորությունների համար պատասխանատու է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքով, ապա ՍՊԸ-ի դեպքում վերջինս հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք եւ պատասխանատվություն է կրում միայն այդ գույքով, կանոնադրական կապիտալով, հետեւաբար՝ ՍՊԸ-ի հիմնադիրները որեւէ անձնական պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Հաճախ ԱՁ-ի այս առանձնահատկությունը դիտարկվում է որպես բացասական կողմ, քանի որ մեծ պարտավորությունների դեպքում վտանգի տակ է դրվում անձնական (ընտանեկան) գույքը:

ԱՁ-ի հաշվառում եւ ՍՊԸ-ի գրանցում

Անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ է անձնագրով կամ նույնականացման քարտով մոտենալ պետռեգիստրի գործակալության մոտակա գրասենյակ, լրացնել դիմում, վճարել պետական տուրք (3,000 ՀՀ դրամ), որից հետո տրամադրվում է վկայական (քաղվածք գրանցամատյանից): Դրանից հետո անհրաժեշտ է նաեւ հաշվառվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Ի տարբերություն ՍՊԸ-ի՝ անհատ ձեռնարկատերը հաշվեկշիռ չունի: Ի դեպ, նման ծառայություններ մատուցում են նաեւ Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակն ու Հայփոստի բաժանմունքները:

Վերոհիշյալ գրասենյակում կարող եք գրանցել նաեւ ՍՊԸ, ինչի համար անհրաժեշտ է մոտենալ անձնագրով կամ նույնականացման քարտով, տեղում լրացնել դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը, եւ ստանալ վկայական: Ցանկության դեպքում կարող եք մշակել կանոնադրության ձեր տարբերակը եւ ներկայացնել օրենքով սահմանված կարգով գրանցման: Կարեւոր է իմանալ, ՍՊԸ կարող եք հիմնադրել մեկ եւ ավելի մասնակիցներով:

Ի տարբերություն ԱՁ-ի՝ ՍՊԸ-ի գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում:

ՍՊԸ կարող եք հիմնադրել նաեւ լիազորված անձի միջոցով, եւ այդ դեպքում տնօրենի կողմից տրամադրվում է հասարակ գրավոր ձեւի լիազորագիր, կանոնադրության 2 եւ որոշման 1 օրինակ: Եթե ամեն ինչ համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, ապա պետական ռեգիստրի կողմից կատարվում է ՍՊԸ-ի պետական գրանցում: Պետական գրանցում ստանալու պահից ընկերությունը ձեռք է բերում իրավունքներ եւ ստանձնում պարտականություններ: Ի դեպ, եթե ՍՊԸ-ները սովորաբար ունենում են կնիք, ապա ԱՁ-ի դեպքում դա նախընտրությամբ է:

ՍՊԸ-ի դեպքում ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Հարկման մասին

Հարկման առումով էական տարբերություն չկա՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում եք ԱՁ-ով, թե ՍՊԸ-ով: Այս դեպքում կարող եք ընտրել այն հարկման համակարգը, որի շրջանակներում իրականացնելու եք ձեր գործունեությունը՝ կա՛մ շրջանառության հարկ, կա՛մ ԱԱՀ: Սովորաբար, ՍՊԸ-ներն աշխատում են ավելացված արժեքի հարկով, որի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ: Իսկ ԱՁ-ներն էլ սովորաբար գործունեություն են ծավալում շրջանառության հարկով, որի դրույքաչափը տատանվում է 1 տոկոսից մինչեւ 20 տոկոս:

ԱՁ-ի եւ ՍՊԸ-ի որոշ առանձնահատկությունների մասին

ԱՁ հիմնադրելը շատ հարմար գործիք է եւ փաստաթղթաշրջանառության ծավալի, եւ հաշվապահական հաշվառման ու հարկման տեսանկյունից. այսպիսի տեսակետ կարող եք լսել նաեւ հաշվապահներից: Ընդ որում, այս իմաստով հաշվապահական ծառայությունները համեմատաբար մատչելի են:

ԱՁ-ն ճկուն ու օպերատիվ է նաեւ կառավարման առումով, քանի որ որոշումները կայացվում են ինքնուրույն, ի տարբերություն այն ՍՊԸ-ների, որոնք ունեն 1-ից ավելի հիմնադիրներ եւ հաճախ ունենում են անհամաձայնություններ:

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը եւ հաշվառումից հանելը հեշտ է, քանի որ այս դեպքում չկան լուծարման եւ իրավահաջորդության հետ կապված խնդիրներ, որոնք առկա են իրավաբանական անձի դեպքում:

Կան դեպքեր, երբ մարդիկ հենց ՍՊԸ են գրանցում, որպեսզի հանդես գան որպես ընկերության տնօրեն. սա ձեւական կողմն է, որոշ դեպքերում նաեւ՝ ներկայացուցչական, եւ բիզնեսը չզարգանալու դեպքում կարող եք կրել չհիմնավորված ծախսեր:

Եթե մի քանի անձինք նպատակ ունեն իրականացնել համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցել իրավաբանական անձ՝ ՍՊԸ կամ բաժնետիրական ընկերություն (փակ կամ բաց` կախված հիմնադիրների քանակից):

Ամփոփելով նյութը՝ հարկ է նշել, որ բիզնես սկսելու դեպքում ինքնուրույն կարող եք ընտրել ձեւը՝ հաշվի առնելով ձեր գործունեության տեսակն ու վերը նշված առանձնահատկությունները:

Իմ խորհուրդը հետեւյալն է. եթե ձեր գործունեության կանխատեսվող տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 միլիոն դրամը, ապա միանշանակ կարող եք հաշվառվել որպես ԱՁ, իսկ եթե ծավալները լինելու են ավելի մեծ, կնքելու եք պայմանագրեր տեղական եւ արտասահմանյան ընկերությունների հետ, առաջանալու է ԱԱՀ, ապա կարող եք գրանցվել որպես ՍՊԸ:

Պատրաստեց

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30