Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայաստանի մոտ, որ այլեւս Բաքուն «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի» պատկերը տեսնելու ձգտում չի ունենա. «Ազգ»

Հունիս 27,2025 09:30

Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայաստանի մոտ, որ այլեւս Բաքուն «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի» պատկերը տեսնելու ձգտում չի ունենա:

Չիկագոյի համալսարանի իրավունքի դոկտորանտ Սիմուս Դաֆին, որ ներկայումս համագործակցում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչության հետ, իրանական tabriz-emrooz.ir կայքում հրապարակած հոդվածում փորձել է տալ այդ հարցի պատասխանը եւ վաղաժամ է համարել Իրանի ու Իսրայելի միջեւ ձեռք բերված փխրուն հրադադարի պայմաններում այս հակամարտության ռազմաքաղաքական վտանգավոր հետեւանքներից Հայաստանի ապահովագրված լինելու մասին հույսեր փայփայելը:

Նա կասկածներ ունի, որ Թեհրանի վրա պատերազմի վտանգի պահպանման պայմաններում Հայաստանը կարող է զրկվել իր համար կենսական նշանակություն ունեցող առեւտրային ճանապարհից:

Սիմուս Դաֆին նաեւ նշում է, որ մինչ Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտության սկիզբը  (հունիսի 12, 2025 թ.), չնայած մի շարք խոչընդոտների ու սահմանափակումների, Իրանը համարվում էր դեպի արտաքին աշխարհ Հայաստանի միակ վստահելի առեւտրային ուղին:

Հոդվածագիրը նաեւ նշում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանները շարունակում են փակ մնալ Հայաստանի առեւտրի համար, իսկ Վրաստանը վերջին ամիսներին քայլեր է ձեռնարկել՝ (ըստ որոշ վերլուծաբանների՝ Կրեմլի հրահանգով) խափանելու դեպի Ռուսաստան արտահանումները:

Սիմուս Դաֆիի կարծիքով, Կրեմլի որոշման պատճառով Հայաստանի առեւտուրն այս տարի լուրջ վնասներ է կրել: Սահմանափակել է թանկարժեք մետաղների եւ գոհարեղենի վերաարտահանումը: Իսկ իրանական ուղիներով արտահանման ցանկացած կրճատում միայն բարդություններ է առաջացնում Հայաստանի առեւտրի համար:

Հոդվածագիրն իրավացիորեն արձանագրում է, որ Իրանը կարեւոր դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող բանակցություններում: Հեղինակը հիշեցնում է, որ Միջանցքի ծրագիրը ենթադրում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու նախագիծ, ինչը կտրականապես մերժվում է Հայաստանի կողմից:

Իրանցի պաշտոնյաների համոզմամբ, եզրակացնում է հեղինակը, այդ միջանցքի ստեղծումը սպառնալիք է երկու երկրների «ռազմավարական» սահմանի երկայնքով առեւտրային հարաբերությունների համար:

Ըստ Սիմուս Դաֆիի, հարցն այնքան կարեւոր է Իրանի համար, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Թեհրանը ներգրավված էր Իսրայելի հետ հրթիռակոծության մեջ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հունիսի 16-ին նախազգուշացրեց Ադրբեջանին՝ զերծ մնալ միակողմանի քայլերից եւ հիշել, որ Զանգեզուրի հարցը Իրանի «կարմիր գիծն է»:

Հեղինակը վստահ չէ, որ Իրանի այս հայտարարությունները բավարար կլինեն Բաքվին զսպելու համար, քանի որ Ալիեւի կառավարությունը բոլոր տարբերակները օրակարգում պահելու եւ միաժամանակ Երեւանի վրա ճնշումներն ուժեղացնելու հարցում իր վճռականությունը չի քողարկում:

 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30