Գերմանական մեդիան առնանդամ բառը շեշտեց վերնագրում
Հունիսի 25-ին գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունը» հոդվածը նախ այսպես էր վերնագրել՝«Արքեպիսկոպոսը ձերբակալվել է. Հայաստանը պուտչի եւ առնանդամի արանքում», ապա նորացրեց՝ «Իշխանության համար պայքարը Հայաստանում՝ գոտկատեղից ներքեւ»: Երկու վերնագրերն էլ մտացածին չեն, սնվել են Հայաստանում հոսող ֆեյսբուքյան աղբյուրներից:
Մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության անկումն է՝ Արարատի գագաթից՝ ֆեյսբուքյան վիհ:
Ամսական 47 միլիոն ընթերցող ունեցող գերմանական ամենամեծ լրատվական t-online պորտալը վերեւում ներկայացված մեկ հրապարակմամբ չանդրադարձավ կատարվածին: «Ազգին» ծանոթ հեղինակ Թոբիաս Շիբիլլան (Tobias Schibilla), որ Հայաստանում եղել է, լավ է ճանաչում Բաքվի՝ հայ ժողովրդին ուղղված ոճրագործությունները, Արցախի իրադարձությունները, հունիսի 26-ին t-online-ում, ինչպես նաեւ watson կայքում անդրադարձավ «Եկեղեցու եւ քաղաքականության (քաղաքական գործիչների) վեճին»: «ՀՀ վարչապետն ուզում է իր առնանդամը ցույց տալ եկեղեցու առաջնորդին» վերնագրով հոդվածը t-online-ում հրապարակեց հունիսի 26-ի առավոտյան: Այնուհետ հոդվածը հրապարակվեց watson-ում՝ հետեւյալ ձեւով «Վեճը սրվում է. Հայաստանի վարչապետը ցանկանում է եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնանդամը: Հայաստանում եռում է հակամարտությունը ազգային ուղղափառ եկեղեցու եւ քաղաքական էլիտայի միջեւ: Վեճը երբեմն ստանում է տարօրինակ ձեւեր»: Հոդվածի առաջին պարբերության մեջ Շիբիլլան հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ճանաչած առաջին երկրի՝ Հայաստանի մասին, մի բան, որ խորհրդանշանային իմաստ ունի, եւ Գերմանիայում ներկայացնում է մեր երկիրը, մեր պատմությունը: Մենք էլ մեր մասին պատմելիս այս նախադասությունից ենք սկսում: Հիմա, երբ Հայաստանի ֆեյսբուքացումը գերմանական տպագիր տարածքում նոր վերնագիր ստեղծեց, խզվեց շատ կարեւոր մի բան՝ մեր մասին 301 թվականին հղում տալով պատմելու շղթան:
Կարդացեք նաև
Տաբուն ջարդելու համարձակությունը, սանձարձակությունը, խորհրդանիշներ փշրելու հանձնառությունն ու հայհոյանքի անզուսպ վարգը Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակն են եւ պարտությունը՝ թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում