Երեքշաբթի օրը իշխանական լրատվամիջոցը մի թուղթ հրապարակեց, որն իբրեւ թե իշխանություն զավթելու ծրագիր էր: Սկզբում պնդում էին, որ ծրագիրը պետք է իրականացվեր այս ամռանը, սակայն մեկ օր հետո տարածեցին «հեղաշրջման պլանի» լուսանկարը, եւ պարզվեց, որ այն թվագրված է 2024 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 30-ը: Փաշինյանն ու թիմը հայտարարեցին, թե հոկտեմբերի 27 է կանխվել։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ Եկեղեցու դեմ արշավը, Սամվել Կարապետյանի անհիմն կալանավորումը կարող էին ծանր հետեւանքներ ունենալ իշխանության համար, նվազագույնը՝ վարկանիշի կորուստ, ուստի մոգոնվել է այս «ծրագիրը», որին փորձում են կպցնել բոլորին` Բագրատ սրբազան, Վեհափառ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան եւ անգամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Իշխանական կայքի լուսանկարային կոլաժում նրանց մի մասը կա, իսկ Փաշինյանը կիսվել էր ու գրել․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում»։
Նկատենք, որ նախորդ «բացահայտված» հեղաշրջումներից ոչ մեկը չի հաստատվել: 2021 թ. փետրվարի 25-ին՝ 44-օրյա պատերազմում պարտությունից ամիսներ անց, երբ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին միացավ նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբը, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ ռազմական հեղաշրջման փորձի մասին. «Ես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ պետական հեղաշրջման փորձ», եւ կոչ արեց իր կողմնակիցներին՝ հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Ռազմական հեղաշրջման» երկրորդ փորձը 2024 թ. հոկտեմբերին էր, երբ Քննչական կոմիտեն հայտարարեց Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձը ճնշելու մասին, որին իբր ներգրավված էին Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչներ։ Իբրեւ թե 2024 թ. ընթացքում 7 հոգի հավաքագրվել է ինչ-որ անձանց կողմից (որոնց ինքնությունը դեռ պարզված չէ) եւ ամսական 220 հազար ռուբլու դիմաց եռամսյա ուսումնամարզական հավաքների են մեկնել Ռուսաստան՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու, որ գան եւ հեղաշրջում անեն:
«Պետական հեղաշրջման» մի փորձ էլ 2023 թ. նոյեմբերին «բացահայտեցին»` «Հյուսիսային տերեւաթափ» անվանումով․ 5 անձ կալանավորվեց, 2-ին տնային կալանք տվեցին։ Այդ շրջանում էլ կային Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքական ակտիվ զարգացումներ։ «Տերեւաթափի» մասնակիցներն էլ էին «ցանկացել սպանել» Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին։
Կարդացեք նաև
ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2019-ին Արթուր Վանեցյանի հեռանալն անգամ Փաշինյանը փորձում էր որպես «պետական հեղաշրջման» փորձ ներկայացնել, որն իբր ինքն է կանխել։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» գրել էր, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումով կանխվել է պետական հեղաշրջում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: