Հունիսի 20-ից սկսած եւ հետագա օրերին ռուսական շատ լրատվամիջոցներ տեղեկատվական կամ վերլուծական հոդվածներով անդրադարձել են ՀՀ վարչապետի Թուրքիա այցին ու Էրդողանի հետ հանդիպմանը:
Չարժե թերագնահատել հայ-թուրքական երկխոսության կարեւորությունը, ինչպես նաեւ դրա հնարավոր հետեւանքները ոչ միայն այս երկրների, նրանց հարեւանների, այլ նաեւ «կովկասյան» տարածաշրջանի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, խնդրին այսպիսի գնահատական է տվել «Պրոֆիլ» գործարար հանդեսը: Հասկանո՞ւմ են արդյոք Հայաստանի ներկա իշխանությունները՝ Ղարաբաղը բեռ ու Հայոց պետականության իրացման խոչընդոտ համարած, «իրական Հայաստանի» գաղափարն առաջ քաշած, հայկական պետության եզակիությունն ամրապնդել ցանկացող եւ Սփյուռքի որեւէ միջամտությունը մերժող Փաշինյանն ու իր ընկերակիցները, որ ապահովել խաղաղություն՝ տարածքներից հրաժարվելով, իրենց դեռ չի հաջողվել. սա էլ այս հանդեսի մի հարցադրումն է: Հայաստանին ներկայացվող նորանոր պահանջները բնավ վերացական ակադեմիական զրույցներ չեն, ասվում է հրապարակման մեջ: «Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Երեւանի ավանդական դաշնակիցների ուշադրությունը տեղափոխվում է այլ ուղղություններ (Մոսկվայինը՝ Ուկրաինա, Թեհրանինը՝ Իսրայել եւ ամբողջ Մերձավոր Արևելք): Արևմուտքն էլ չի ցանկանում եւ չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Վաշինգտոնն ու Փարիզը, ավելի շուտ, փորձում են օգտվել Ռուսաստանի եւ Իրանի դժվարություններից՝ նրանց վարկաբեկելով հայկական քաղաքական վերնախավի ու հասարակության աչքում՝ առանց փոխարենը իրականում գործուն որեւէ բան առաջարկելու»,- ասվում է հոդվածում:
Պատրաստեց՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում