Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում. Դավիթ Անանյան

Հունիս 27,2025 11:12

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան

Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։

Սակայն, որքան էլ այս գործողությունները մշակված ու համակարգված թվան, դրանց իրագործման կերպը օրեցօր մատնում է խորացող խուճապը։ Որոշումները կայացվում են ոչ թե սառնասրտորեն, այլ շտապողականությամբ՝ հաճախ անկազմակերպ, անգամ հակասական։ Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։

Այս պայմաններում իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ հիշեցնում է կրակը մարելու փորձ՝ այնտեղ, որտեղ բոցը դեռ չի բռնկվել։ Բայց հենց այդ քայլերով է, որ նրանք բորբոքում են այն։

Այդուհանդերձ, պետք է չկորցնել իրականության ողջ պատկերը․ հասարակությունը դեռ գտնվում է զայրույթի՝ տակով հոսող, բայց դեռ չպայթած լռության փուլում։ Քաղաքացիական էներգիան կուտակվում է, և հասարակական դիմադրության հզոր ալիքը՝ չնայած դեռևս ամբողջապես չի հասունացել, անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին։

Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։ Մեզանից յուրաքանչյուրին հասած «քաղաքացիական տնային աշխատանքը» մեկն է՝ վերաիմաստավորել մեր դերը այս գործընթացում, լինել սթափ ու գործուն, չվախենալ համախմբվելուց և չվարանել ներգրավվելուց։ Միայն համառությամբ, սկզբունքայնությամբ և միասնությամբ է հնարավոր դիմագրավել այս մթագնող շրջափակումը։ Միայն այդպես կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը, վերականգնել արժանապատվությունն ու արդարությունը և պետության քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության ու արժեհամակարգային ակունքներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30