Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Քահանայաց ժողով, որը նախագահում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, իսկ այդ ընթացքում իրավապահները ներխուժել էին Շիրակի առաջնորդարան:
Միքայել սրբազանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ ծառայողները գտնվում են Վեհարանի հետնամասում, Միքայել Սրբազանը Մայր Աթոռում է: Նա ասաց, որ այս պահին տեղեկություններ չունի` վարույթ կա, թե ոչ, նաեւ հավելեց, որ գործողություններ են իրականացվում:
Կարդացեք նաև
Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. «Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:
«Շոկի մեջ եմ, սա հարձակում է Վեհարանի, Վեհափառի եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Ես այսպիսի բան չեմ հիշում, պատմությունից եմ միայն կարդացել, որ հայը 1938-ին կարողացել է խեղդել կաթողիկոսին: Այսօր թե ինչ է կատարվում 21-րդ դարում, չեմ հասկանում, ես էլ ձեր նման վանքի բակում էի, տեսնելով, որ հոգեւորականները հավաքված են, խառնաշփոթ վիճակ է, որոշեցի հետաքրքրվել»,-ասաց մի քաղաքացի:
Նրա ձեւակերպմամբ, գոյություն ունի մայր օրենք, որը իրավունք չունի ոչ վարչապետը, ոչ իր նման շարքային քաղաքացին, ոչ ռամիկը, ոչ նախարարը ոտնահարելու, Սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը եկեղեցուց:
Այս պահին մարդաշատ է նաեւ Շիրակի թեմի առաջնորդարանի բակը, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ի պաշտպանություն Միքայել Սրբազանի:
Տեսանյութն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ