«Ես չեմ կարող ինձ թույլ տալ դուրս գալ իմ լիազորությունների շրջանակից եւ իրավական գնահատականներ տալ այն երեւույթներին, որոնց իրավական գնահատականը պետք է տան շատ կոնկրետ դատարաններ։ Դրանք քրեական գործեր քննող դատարաններն ու դատավորներն են։ Իրենք պետք է ստուգեն այս ողջ գործընթացի օրինականությունը, ու համապատասխան արձագանքներ լինեն»,- այսպես արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Եկեղեցու եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների մասին հարցին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն իրավաչա՞փ էր, նրա հայտարարությունը նման գործընթացներ սկսելու հիմք տալի՞ս էր, Դիլանյանը պատասխանեց. «Ես ունեմ իմ մեջ այդ իրավական գնահատականը, բայց չեմ կարող դա հրապարակել, որովհետեւ ոչ մի կերպ չեմ կարող բացառել, որ ինչ-որ մի ասպեկտով, ինչ-որ մի օր այդ թեման կարող է ՍԴ-ում քննության առարկա դառնալ, այդ թվում՝ ՍԴ լիազորությունների շրջանակներում»։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպառնացել էր ընդդիմադիրներին «լցնել ԱԱԾ պադվալը»։ Նրա այս հայտարարությանը հետեւեցին գործողություններ սրբազանների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Առավոտի» հարցին՝ ընդդիմադիրների մոտ կա տեսակետ, որ մեկ անձի պատվերով իրավապահ համակարգը քաղաքական հրահանգ է կատարում, սա չի՞ մտահոգում ՍԴ նախագահին, Արման Դիլանյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչները, իմ տարբերություն մեզ, շատ ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու մեջ։ Մենք մեր կարծիքներն արտահայտելու մեջ շատ կաշկանդված են։ Այստեղ շատ անհավասար դիրքերում ենք գտնվում մենք։ Եվ ցանկացած դատավոր իմ փոխարեն նույն կերպ պետք է պատասխանի ձեզ։ Մենք չենք կարող քաղաքական երեւույթներին քաղաքական գնահատական տալ, նույն գործիքակազմով արձագանքել, որ գործիքակազմով կարող են արձագանքել քաղաքական գործիչները»։
Նա ասաց, որ հուսով է՝ մեր դատարաններն ունակ են այս բոլոր երեւույթներին իրավական ճիշտ գնահատականներ տալ։
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին, թե դատարաններն անկա՞խ են եւ կարո՞ղ են օրվա իշխանության թելադրանքից դուրս գործել, ՍԴ նախագահը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այդ տեսակի դատավորները մեծամասնություն են կազմում մեր դատական համակարգում»։
Հարցին, թե երկրում իրավական քաոս չկա՞, Դիլանյանը պատասխանեց. «Ի՞նչ ասել էր՝ իրավական քաոս, որ չի՞ աշխատում իրավունքը, ես այդպիսի տպավորություն չունեմ։ Դա ամենասարսափելի բանն է, որ կարող է երկրում տեղի ունենալ։ Եթե իրապես պատկերացնենք իրավական քաոսը, ինքը շատ ավելի տրագիկ ու շատ ավելի վտանգավոր երեւույթ է։ Եվ դրա դրսեւորումները շատ ավելի քայքայիչ են պետության ու հասարակության համար։ Ես համենայնդեպս այս պահին այդպիսի երեւույթ չեմ նկատում»։
Հարցին՝ եթե վարչապետն ասում է, որ ԱԱԾ տնօրենը չի կարող չկատարել իր որեւէ հանձնարարականը կամ ԱԺ ամբիոնից սպառնում էր «ԱԱԾ պադվալները լցնել» ընդդիմադիրներին, ինչին հետեւում են իրավապահների ու դատարանների գործողությունները, դա չի փաստո՞ւմ, որ երկրում իրավական քաոս է, իրավունքը չի գործում, ՍԴ նախագահը նման պատասխան տվեց. «Դուք էլի ինձ տեղափոխում եք քաղաքական դաշտ։ Ինձ թվում է’՝ դուք էլ չեք ուզենա, որ ձեր երկիր ՍԴ դատավորը կամ նախագահը, թողնելով իր գործը, զբաղվի քաղաքականությամբ կամ քաղաքական երեւույթների վերաբերյալ քաղաքական գնահատականներ տա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ