Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ խմբակցությունները ՀՀ իշխանությունների քաղաքական այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին

Հունիս 27,2025 14:37

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։

Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։

2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։ Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

27.06. 2025թ
Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30