ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Օրակարգում 22 հարց է ներառված, այդ թվում` նաեւ ՀԷՑ-երը, այսպես կոչված, ազգայնացնելու նախագծերը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին։ Այս նախագծերի հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, հարցի հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
ՀԷՑ-ի ազգայնացման մասին երեկ կառավարության նիստում հերթական անգամ խոսեց Նիկոլ Փաշինյանը։
Նախագծերի հիմնավորումներում ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը տողով նշված է․ «ՀՀ-ում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական այս կարեւոր ենթակառուցվածքների բնականոն եւ անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը»:
Իբրեւ կարգավորման ենթակա խնդիր, կառավարությունում առաջարկվող փոփոխություններով երեք կետ են նախատեսում․
Կարդացեք նաև
– սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը եւ դրա հետեւանքները.
– սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը.
– սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները․
Նախագծի նպատակի եւ ակնկալվող արդյունքի տողում էլ գրված է․ «Ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաեւ ոլորտի գործունեություն կրիտիկական կարեւորությունը»։
Այսպիսով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին տրվում է լիազորություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու, որին անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները․ «Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները»։
Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով այս հարցին, ասաց՝ իրավական գնահատականների համար նախագծերը ուսումնասիրության կարիք ունեն, բայց քաղաքական գնահատականն ակնհայտ է․ «Կա ՀԷՑ-ն օրինական սեփականատիրոջից խլելու քաղաքական մտադրություն։ Այս մտադրությունը տնտեսության հետ որեւէ կապ չունի։ Իրականում սա «рейдерский захват»-ի նման մի բան է, որն անում է իշխանությունը, ոչ թե ինչ-որ կրիմինալ։ Կառավարությունը, իշխանությունն օգտագործում է օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության իր իրավունքը եւ փորձում է իր քաղաքական մտադրությանը տալ իրավական հիմնավորում»:
Թե այդ ամենը որքանով է համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, դեռ ուսումնասիրության կարիք ունի։
Իրավաբան Գոհար Մելոյանի մեկնաբանությամբ, ստացվում է, որ նույնիսկ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին։ Իրավական այլ մանրամասների նա դեռ կանդրադառնա՝ ուսումնասիրություններից հետո։
Ի դեպ, տաս տարի առաջ այս օրերին՝ հունիսի 23-ին, Երեւանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, փակվեց ուղիղ երկու շաբաթ: Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման դեմ սկսված շարժումը ստացավ «Էլեկտրիկ Երեւան» անվանումը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ եւ բազմազան սոցիալական բողոքի շարժումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ