«Տարիներ առաջ ես ասել եմ, որ Հայաստանը զավթվել է ներսից: Այն, ինչ որ չեն կարող անել Թուրքիան, Ադրբեջանը, անում է օրվա իշխանությունը՝ հարձակվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Այսպիսի օրեր Հայաստանը եւ հայությունը երբեւէ չի ապրել:
Եթե դեպի Էջմիածին ճանապարհները փակել են, դա հերթական հակասահմանադրական գործողություն է եւ արդեն սովորութային բնույթ է կրում: Այս իշխանությունների համար ի՜նչ սահմանադրություն: Այո, ճիշտ է, որ ժողովուրդը հավաքվի եւ իր մոտեցումները հասցնի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հանդեպ անտարբեր կառավարությանը եւ նրա ղեկավարին՝ ստիպելով, որ լսեն»,- aյսօր Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ երեք միլիոն վարչապետեր ենք: Եվ այդ երեք միլիոն վարչապետերը պետք է կարողանան «այդ մեկ վարչապետիկի» գործողությունները ինչ- որ ձեւով զսպել, սահմանափակել: «Սահմանափակել սահմանադրորեն, իմ կոչը դա է: Որովհետեւ այն, ինչ արվում է այսօր Հայաստանում, հակաիրավական է՝ միջազգային իրավունքին հակադրվելով, անօրինական եւ հակասահմանադրական է: Արդեն բոլորին վարժեցրել են, որ սահմանադրությունը կարելի է խախտել ցանկացած առիթով:
Հիմա եկեք տեսնենք, թե իրականում ինչ ունենք այսօր: Այսօր տեղի է ունենում հայ ժողովրդի ազգապահպան եւ ազգաստեղծ մի հաստատության՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակում: Արդյո՞ք դա կարող էր այստեղ դա անել Թուրքիան, Ադրբեջանը: Ոչ: Հայերի հանդեպ ցեղասպանական ռազմավարությունը, քաղաքականությունը մնացել է անփոփոխ: Եվ, ցավոք սրտի, Հայաստանում օրվա իշխանությունը, դատելով արդյունքներից, հայտարարություններից, կեցվածքից, հայհոյախառն հռետորաբանությունից, Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ նույն ծրագիրը՝ ոչնչացնել հայ ժողովրդի ինքնությունը եւ հայապահպան ամենահզոր հաստատությունը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ամբողջովին խոցել, հնարավորինս առոչինչ դարձնել մեր հոգեւոր էության հաստատությունը, իրականացնում է օրվա իշխանությունը:
Կարդացեք նաև
Սա է պատճառը, որ ես կրկնում եմ արդեն տարիներ շարունակ, որ այս թիմը եկել է, այս թիմը բերել են հենց դրա համար: Այն է՝ Արցախը օր առաջ բռնակցեն, հանձնեն Ադրբեջանին, Հայաստանը, հայությանը զրկեն ինքնությունից, դարձնեն ուղղակի մի վարչական տարածք, ոչ թե Հայրենիք եւ ամբողջովին դարձնեն Թուրքիայի կցորդ»,-ասաց իրավապաշտպանը:
Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության եւ ընդհանրապես վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների միջեւ տիկին Ալավերդյանը հստակ կապ է տեսնում: Այդ մասին նա ասաց. «Սա ոչ թե մի առանձին միջոցառում է, այլ սա ռեպրեսիաների ալիք է: Եվ սա զուտ քաղաքական ռեպրեսիաներ չի, սա ավելի քան քաղաքական է: Իմ հստակ կարծիքով, սա հակապետական է: Կարող եմ բերել ապացույցները:
Բոլոր այն գործողությունները, որոնք տեղի են ունենում 2018 թվականից, այն ձեւը, որով սրանք եկել են իշխանության, ամբողջովին հակաօրինական է: Եվ սա հեղափոխություն չէր, սա իշխանության զավթում էր: Իշխանությունը սեփականաշնորհվել է մեկ խմբի կողմից, ինչը սահմանադրական մեր նորմերով ինքնին ծանր հանցագործություն է:
Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Դրվում է մյուս տարի կայանալիք ընտրությունների սկիզբը: Այսինքն, հնձում են ամբողջ դաշտը, որտեղ կան անհամաձայնություն հայտնող խմբեր կամ մարդիկ, ինչը վերին աստիճանի ներհատուկ է տոտալիտար պետություններին, որտեղ բոլորը պարտավոր են ծափահարել եւ համաձայնվել միայն մեկ կարծիքի հետ: Դա այն կարծիքն է, որն արտահայտում է իշխանության ղեկին գտնվող ուժը:
Հիմա այն մասին, թե այս վիճակում ինչ պետք է անենք: Ես համաձայն չեմ այս իշխանության քաղաքականության հետ: Ես այլախոս եմ, համաձայն չեմ այս քաղաքականությանը: Եվ ՀՀ-ում եւ Հայաստանից դուրս կան հայեր, որոնք համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ: Արդյո՞ք դա հանցագործություն է: Ես դիմում եմ ՄԻՊ-ին, բոլոր իրավապահ մարմիններին. «Ես համաձայն չեմ այս իշխանության քաղաքականության հետ: Եվ ունեմ այդ իրավունքը: Ունեմ իրավունքը՝ դիմելու բոլոր այն մարդկանց, որոնք եւս համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ: Դիմելով բոլոր ուժային եւ իրավապահ մարմիններին՝ ես հայտարարում եմ. հանկարծ որեւէ մեկը չփորձի մեղադրել նրանց, ովքեր հիմա ինձ լսելով եւս կասեն, որ համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ: Եվ առաջարկում եմ հավաքվել, կազմել այն ծրագիրը, որը կարտահայտի իրական հայության եւ ՀՀ ժողովրդի շահերը եւ իրավունքները: Եվ սա առաջարկում եմ ամենայն լրջությամբ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ