«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ բացելով «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով հունիսի 27-ին հրավիրված խորհրդարանական լսումները: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, գիտնականներ, ուսանողներ, շահագրգիռ այլ անձինք:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ լսումներին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 300 հոգի, որոնց մի մասին հնարավոր չի եղել հրավիրել: Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կրկին քննարկում կհրավիրվի: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել ԱԺ առաջիկա արտահերթ նիստի ընթացքում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջորդիվ ներկայացրել է օրենքի նախագծի կարգավորումները՝ մինչ այդ շնորհակալություն հայտնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար:
««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքները սկսվել են շուրջ 10 տարի առաջ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության մշակման տարբեր փուլերին: «Մեր Կառավարությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են Կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրում, Կառավարության գործունեության ծրագրում, եւ որոնց իրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են էական քայլեր»,- ընդգծել է նախարարը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրել է, որ համակարգն ունենալու համար նպատակադրվել են ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչեւ 8 բուհ՝ ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հինգհարյուրյակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը: Նպատակ կա նաեւ այնպիսի բարձրագույն կրթություն ապահովել, որպեսզի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն աշխատի ընտրած մասնագիտությամբ: Նախարարի տեղեկացմամբ օրենքի նախագծում նախատեսված են նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ պատշաճ առաջադիմությամբ որեւէ սովորող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:
«Կառավարությունը պարտավորություն է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով գիտության ոլորտի զարգացման համար նախատեսված են նաեւ այլ քայլեր, որոնք ամրագրվել են օրենքի նախագծում:
«Ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք օգնելու են, որպեսզի մեր երկրում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը լինի, իրոք, միջազգայնորեն մրցունակ»,- ամփոփելով ելույթը՝ հավաստիացրել է ԿԳՄՍ նախարարը:
Նա նաեւ անդրադարձել է ոլորտներում առկա բազմազան ու լրջագույն խնդիրներին, պատասխանել լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ:
Մեր երկրի անկախացումից ի վեր հանրապետությունում չեն վերանայվել գիտության կազմակերպման ձեւն ու գիտության նկատմամբ պետության մոտեցումները: Այս մասին ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրա խոսքով 2022 թվականից սկսած ոլորտում իրականացվում է ավելի նախաձեռնողական քաղաքականություն՝ նպատակ ունենալով այն գրավիչ դարձնել երիտասարդ կադրերի համար: Նշվել է, որ ավելացել են բնագավառում ֆինանսավորման ծավալները, գիտնականների թիվը: Արդյունքում՝ 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ գրանցվել է 3963 հետազոտող:
Սարգիս Հայոցյանը նաեւ խոսել է ոլորտում կապիտալ ներդրումներ իրականացնելու կարեւորության մասին` նշելով, որ դա հնարավորություն է ընձեռում կատարել մի շարք հետազոտություններ: Զեկուցողն անդրադարձել է նաեւ բնագավառում առկա խնդիրներին՝ արդյունավետ չհամարելով գիտություն-շուկա կապը:
Լսումներին ելույթ է ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Որպես բուհի ռեկտոր՝ զեկուցողն ընդգծել է. ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունման յուրաքանչյուր ուշացած օրը մեզ հեռացնում է առաջադեմ աշխարհից մի քանի քայլով»: Հովհաննես Հովհաննիսյանը համաձայնել է, որ օրենքի նախագծում առկա են թերություններ, որոնք հնարավոր է շտկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Զեկուցողի կարծիքով նախագծի չընդունումը պետության զարգացման համար լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ: Նշվել է, որ քննարկվող փաստաթուղթը վերաբերվում է ոչ միայն բուհերին, ուսանողներին եւ գիտնականներին, այլ նաեւ մեր պետության ապագային:
ԵՊՀ ռեկտորը կարեւորել է այն փաստը, որ առաջին անգամ բարձրագույն կրթության համակարգն ունենալու է բազային ֆինանսավորում:
Լսումների մասնակիցները ելույթներում անդրադարձել են օրենքի նախագծին, ներկայացրել բազմաթիվ առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են բժշկական կրթության առանձնահատկություններին, անբավարար առաջադիմությամբ համալսարանից հեռացված ուսանողների վերականգնումների սահմանափակմանը: Բժշկական համալսարանների ներկայացուցիչներն առաջարկել են նաեւ ավարտական քննություններն անցկացնել միասնական կարգով:
Նշվել է, որ նախագծում հաշվի չեն առնվել բուհերի կարգավիճակից ու գործունեության բնույթից բխող էական առանձնահատկությունները, ինչի հետեւանքով նախագծում բացակայում է «պետության մասնակցության բուհ» հասկացությունը, որը կօգներ ավելի արդյունավետ համագործակցել միջազգային բուհերի հետ: Ուստի, առաջարկվել են նաեւ առանձին տողով սահմանել «պետության մասնակցությամբ միջազգային բուհ» հասկացությունը, որը եղել է նախագծի նախորդ տարբերակում:
Կարեւորվել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավածությունն ուսումնական գործընթացներին: Գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներն անդրադարձել են ակադեմիական անկախության կարեւորությանը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը լսումների մասնակիցներին ու օրենքի նախագծով հետաքրքրված շահագրգիռ անձանց տեղեկացրել է, որ ցանկության դեպքում օրինագծի վերաբերյալ կարող են լինել աշխատանքային քննարկումներ:
Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցողները պատասխանել են ելույթներում հնչած տեսակետներին, հորդորել առաջարկները ներկայացնել գրավոր եւ վստահեցրել, որ դրանք կքննարկվեն:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի հուլիսի սկզբին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է սեպտեմբերին, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, բավականին երկար ժամանակահատված է առաջարկներ ներկայացնելու եւ դրանք քննարկելու համար:
ԱԺ