Մարիա Կարապետյանի ելույթն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի շրջանակում ելույթ է ունեցել բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:
«Ես այստեղ եմ իմ մյուս խորհրդարանական գործընկերների հետ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի շրջանակում՝ ԱՄՆ Կոնգրեսի գործընկերների հետ երկու թեմա քննարկելու համար: Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության խարտիան եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ներկայիս վիճակը: Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին այս հնարավորության համար եւ շնորհակալ եմ ներկաներին ու մյուս բանախոսներին այս քննարկման համար:
Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են իրենց նորագույն պատմության որոշիչ փուլում: Այս տարվա մարտ ամսին մեր երկու երկրներն ավարտեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հաստատել են, որ տեքստը պատրաստ է: Հայաստանը նաեւ պատրաստակամություն է հայտնել անմիջապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Ադրբեջանը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ պետք է տեղի ունենա երկու բան: Առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիմեն ԵԱՀԿ՝ հակամարտության լուծման համար ստեղծված մեխանիզմների լուծարման խնդրանքով: Երկրորդ՝ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի՝ Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջները վերացնելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանը կիսում է այն դիրքորոշումը, որ հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ մեխանիզմները պետք է լուծարվեն: Հետեւաբար, մենք առաջարկում ենք այս երկու գործողությունները կատարել նույն օրը՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին:
Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պետք է ուղեկցի ԵԱՀԿ-ին այս համատեղ դիմումին՝ ապահովելու համար, որ ստորագրված խաղաղության համաձայնագիրն անմիջապես եւ մշտապես փոխարինի արդեն հնացած հակամարտության մեխանիզմներին: Այլ կերպ ասած՝ մենք պետք է համոզվենք, որ, իսկապես, փակել ենք հակամարտության էջը, այլ ոչ թե ստեղծել հնարավորություն նորը բացելու համար:
Այսպիսով, վերջին հաշվով, մեր տարածաշրջանում խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու համար անհրաժեշտ է ստորագրված խաղաղության համաձայնագիր:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ բարձրացված մտահոգությանը, մենք համոզված ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն այդ մտահոգությունները լուծելու լավագույն եւ ամենակարճ ճանապարհն է: Ինչո՞ւ: Երկու երկրների սահմանադրության նախաբանները շատ նման են. երկուսն էլ պարունակում են հղումներ պատմական փաստաթղթերի՝ դրանցից յուրաքանչյուրը հղում է կատարում համապատասխան երկրի Անկախության հռչակագրին: Հաշվի առնելով հակամարտության եւ անվստահության պատմությունը, եւ մեծ երեւակայությամբ, այս հղումները, թերեւս, կարող են մտահոգություններ առաջացնել: Անցյալ տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ այն հաստատությունը, որն իրավասու է մեկնաբանել մեր Սահմանադրությունը, քննարկեց այս հարցը եւ որոշում կայացրեց, որ մեր Սահմանադրությունը՝ ներառյալ նախաբանը, տարածքային պահանջներ չի պարունակում մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ:
Այսպիսով, մինչ մենք հարգանքով ենք ուսումնասիրում եւ վերաբերվում Ադրբեջանի կողմից բարձրացված մտահոգություններին, վստահ ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերջնական լուծումն է: Սա վճռորոշ պահ է, երբ պետք է ամրագրենք մեր նվաճումը՝ ստորագրելով խաղաղության համաձայնագիրը, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու Հարավային Կովկասի համար նոր հարաբերություններ սկսելու համար:
Իսկապես, խաղաղությունը մեր երկու հանրապետությունների միջեւ ամրապնդելու այս քայլից կարող է բխել շատ ավելին: Հարավային Կովկասը գտնվում է արեւմուտքում՝ Սեւ ծովի եւ Թուրքիայի, իսկ արեւելքում՝ Կասպից ծովի միջեւ, ինչը նշանակում է, որ այն Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապող տարածաշրջաններից մեկն է: Մեր տարածաշրջանն ունի նոր խողովակաշարերի, երկաթուղիների եւ այլ ենթակառուցվածքների մեծ չօգտագործված ներուժ, որը կարող է կապել Արեւելքն ու Արեւմուտքը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը վերածել ապրանքների եւ էներգիայի առեւտրի խաղաղության խաչմերուկի: Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ներքո պարզեցված տարանցումը մեր տեսլականն է՝ մեր տարածաշրջանում հաղորդակցություններն ապաշրջափակելու եւ Հարավային Կովկասը Միջին միջանցքին ինտեգրելու համար:
Մենք այս պահն անվանում ենք որոշիչ, պատմական, կարեւորագույն, քանի որ տեսնում ենք հնարավորություն Հայաստանի եւ Ադրբեջանի համար՝ ռազմավարական գործարք կնքելու բոլոր ապագա սերունդների համար՝ հեռանալու անցյալի հակամարտություններից եւ դառնալու երկու հարեւաններ, որոնք մշտապես խաղաղության մեջ կլինեն միմյանց հետ՝ ամրապնդելով միմյանց դիրքերը տարածաշրջանում՝ որպես տարանցիկ հանգույցներ եւ ծառայելով մեր երկու երկրների անկախության եւ ինքնիշխանության ազգային շահերին:
Այս ներածական խոսքում ես փորձել եմ կենտրոնանալ ընդհանուր պատկերի վրա եւ ուրախ կլինեմ մանրամասնել վերը նշվածը, ինչպես նաեւ այլ բաներ, որոնք մենք բոլորս մտքում ունենք հարցուպատասխանի ժամանակ»,- եզրափակել է պատգամավորը:
ՀՀ Ազգային ժողով