Լրահոս
Օրվա լրահոսը

Էմ Փի Ջի ՍՊԸ հարցման արդյունքներով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշը գահավիժում է

Հունիս 27,2025 20:25

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրատվամիջոցներին ներկայացրեց քաղաքական զարգացումների, Սամվել Կարապետյանի կալանավորման, Իմպիչմենտի նախաձեռնության, Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ այցի, կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ «Հյուսիսափայլ» պայմանական  խորագրով բնակչության շրջանում անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները:

Հարցումն իրականացվել է հունիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ասուլիսին մասնակցում էր նաեւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որը բնակչությանը ներկայացված հարցերից մեկի հեղինակն է եղել:

Պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վարկանիշը ամիս ամսվա վրա գահավիժում է, իսկ ժողովրդի դժգոհության ալիքը գործող իշխանության ընդհանուր քաղաքականությունից ու կոնկրետ գործողություններից օրեցօր ահագնանում է: Եվ այսպես:

«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, քանի որ ըստ վարչապետի տեղեկությունների վեհափառը խախտել է կուսակրոնության կանոնը եւ ունի զավակ» հարցին 35,4 %-ը պատասխանել է, որ չի ընդունում վարչապետի միջամտությունը  եկեղեցու ներքին գործերին, 24,3 %-ը մտածում է, որ սա քաղաքական քայլ է՝ ուղղված եկեղեցու հեղինակության նվազեցմանը, 18,6 %-ի կարծիքով հնարավոր է, բայց դա պետք է քննարկվի եկեղեցու ներսում:

«Հայտնի գործարար եւ բարերար, Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ Առաքելական  եկեղեցու, որից կարճ ժամանակ անց նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս գործելաոճը» հարցման պատասխանները հետեւյալ տոկոսային հարաբերակցությունն են ստացել:

Լիովին դրական՝ 11,7 %

Ավելի շուտ դրական՝ 4,8 %

Ավելի շուտ բացասական՝ 19,2 %

Ընդհանրապես բացասական՝ 57,9 %

Դժվարանում եմ պատասխանել՝ 6,4 %

«Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ» հարցի պատասխանները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ: Այո՝ 59-%, Ոչ՝ 26 %, Դժվարանում եմ պատասխանել՝ 16 %:

Հերթական հարցը եղել է. «Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը»:

23,2, %-ը պատասխանել է՝ դրական եմ գնահատում՝ անհրաժեշտ է երկխոսություն:

41,5 %-ը՝ բացասական եմ գնահատում՝ դա Հայաստանի շահերից չի բխում:

30,8 %-ը՝ անտեղյակ եմ այցի մանրամասներին:

4,5 %-ը՝ դժվարանում եմ պատասխանել:

Հաջորդ՝ «ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին:Կարծո՞ւմ եք կա բավարար հիմք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար» հարցին բնակչության 35,1 %-ը միանշանակ պատասխանել է՝ այո, 18,6 %-ը՝ ավելի շուտ՝ այո, 9,7 %-ը՝ ավելի շուտ՝ ոչ, 17,8 %-ը՝ միանշանակ՝ ոչ, 18,8 %-ը՝ դժվարանում եմ պատասխանել:

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը» հարցին լիովին դրական գնահատական է տվել 8,2 %, ավելի շուտ՝ դրական՝ 13,7 %-ը, ավելի շուտ՝ բացասական՝ 18,8 %-ը, ընդհանրապես բացասական՝ 49,1 %-ը, դժվարանում եմ պատասխանել՝ 10,2 %-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30