Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատությունը» պետք է լքի սրահը, այլապես կհեռանամ». Իրանի դեսպանը մեղադրանքներ է հնչեցրել լրագրողին. «Դուք մեր թշնամիների համար եք աշխատում»

Հունիս 27,2025 21:30

«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ պահանջեց, որպեսզի «Ազատություն»-ը հեռանա սրահից՝ սպառնալով՝ այլապես ինքը կլքի տարածքը:

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրեց, թե նա կարող է «Ազատության» հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չեն կարող:

«Մամուլի ազգային ակումբը լրագրողական այն կազմակերպությունն է, որտեղ բոլոր լրագրողների իրավունքներն են պաշտպանում, հարցերին պատասխանել – չպատասխանելը Ձեր իրավունքն է» ,- ասաց Մկրտչյանը:

Դեսպանն ի պատասխան ասաց, թե հասկանում է, բայց նորից պնդեց, որ «Ազատություն»-ը լքի դահլիճը:

«Եթե այստեղ լինի, ես կգնամ», – ասաց նա:

Նարինե Մկրտչյանը կրկին նշեց, որ լրագրողին դուրս հանել չեն կարող՝ խնդրելով սկսել հանդիպումը և չբարդացնել իրավիճակը:

«Ես չեմ մասնակցի»,- ասաց դեսպանը և դուրս եկավ սրահից:

Որպեսզի Մամուլի ազգային ակումբի հրավիրված հանդիպումը չտապալվի, որոշեցինք դուրս գալ սենյակից: Երբ դեսպանին տեղեկացրին, որ «Ազատություն»-ը հեռանում է, Մեհդի Սոբհանին կես ճանապարհից վերադարձավ:

Երբ մենք հավաքում էինք մեր իրերը, դեսպանը կոշտ ձևով կրկին պահանջեց, որ դուրս գանք՝ ճշտելով՝ արդյո՞ք օպերատորը նույնպես լքել է սրահը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցրեց դեսպանին, որ անցած տարի հենց ինքն էր բացառիկ հարցազրույց տվել «Ազատությանը», որտեղ արտահայտել էր իր բոլոր մտքերը՝ նույնիսկ ԱՄՆ-ի հասցեին հնչեցնելով ամենասուր քննադատությունները:

Ի պատասխան դեսպանն ասաց, թե օրեր առաջ տեղ ունեցած ասուլիսին թույլ չէր տա ներկա գտնվեինք, եթե իմանար, որ մենք էլ ենք այնտեղ: Ինչ վերաբերում է իր նախաձեռնությամբ տված հարցազրույցին, ապա իրանցի դիվանագետն ասաց, թե այո, բարի կամք են դրսևորել, և հարցազրույց է տվել:

«Բայց հիմա դուք մեր թշնամիների համար եք աշխատում»,- ասաց դեսպանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30