«Մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց Միքայել սրբազանի մեղադրանքն ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք։ Սրբազան հայրը շատ լավ հոգեվիճակում էր»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա ասաց, որ Միքայել սրբազանին Քննչական կոմիտեից քիչ անց տանելու են դատարան։ Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ Միքայել սրբազանը հստակ դիրքորոշում է արտահայտել վարչապետի թեկնածու առաջադրվելու հարցի վերաբերյալ եւ խնդրել է, որ փաստաբանները դա հրապարակեն։ «Ինքը բավարարված է իր հոգեւոր ծառայությունից, չի պատրաստվում հոգեւոր առաքելությունից շեղվել։ Եվ, բնականաբար, դեմ է, որ իր անունը քննարկեն թեկնածուների շարքում»,- ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Բոլորս էլ լավ գիտենք, որ սրբազանը քննադատական խոսք է հնչեցրել, այդքան բան»,- ասաց Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ հավելեց․ «Այսօրվա իրավապահների մոտեցումը նա է, որ եթե ձեզանից որեւէ մեկն այսօր կանգնի ասի, որ այս իշխանությունը պետք է փոխվի, իրենք սա դիտարկում են որպես իշխանազավթում, իշխանությունը փոխելու փորձ։ Այսինքն՝ մեզ բոլորիս փորձում են լռեցնել այս եղանակով, որպեսզի որեւէ քննադատություն չհնչեցվի։ Այն, ինչ ասել է սրբազանն իր ելույթներում, դա ընդամենը քննադատություն է իշխանություններին, որտեղ ընդամենն իր կարծիքն է հայտնել։ Սա մի նպատակ է հետապնդում՝ բոլորին լռեցնել»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:
Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ