«Այս պահին անվստահության գործընթացի համար պակաս երկու ստորագրությունն արդեն ստացվում է։ Այսօրվա իրավիճակը՝ Եկեղեցում տեղի ունեցածը, ցույց տվեց, որ սրբազանի հետ կապված հարցը հնարավորություն է տալիս հանրային մեծ ճնշում առաջացնել»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու շրջանակում իր թեկնածությունն առաջադրելուց, իսկ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։ Այս հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության գործընթացին։
Արմենուհի Կյուրեղյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ գործընթացը դանդաղ է ընթանում․ «Բայց ավելի արագ չի ստացվում, որովհետեւ մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, բայց մենք ունենք 34։ Իսկ այս պարագայում մենք արդեն 36 ստորագրություն ունենում ենք։ Սա առաջընթաց է մինչեւ հիմա ունեցած իրավիճակներից։ Այս պարագայում, երբ արդեն ունենք 36 ստորագրության հավանականությունը 100 տոկոսով, ուրեմն պետք է աշխատենք այս ուղղությամբ»։
Միքայել սրբազանը փաստաբանների միջոցով խնդրել է իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։ «Ամեն դեպքում դեռ հույսը պետք չէ կորցնել, միգուցե Վեհափառը կկարողանա նրա վրա ազդել։ Ինչպես Բագրատ սրբազանի դեպքում համաձայնություն ստացանք, միգուցե այս դեպքում էլ կստանանք։ Քանի դեռ վերջնականապես հարցը փակված չէ, եկեք այլ տարբերակների մասին չխոսենք»,- անդրադառնալով Միքայել սրբազանի դիրքորոշմանը՝ ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ