Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բաց է թողել երկու հնարավորություն. հուլիսի 12-ի հանրահավաքին ընդառաջ

Հունիս 28,2025 13:00

«Եթե խորհուրդը լքած անդամներն ու ՀԿ-ները դա արած լինեին՝ այլեւս չպայքարելու նպատակով, այո, դա կանլրջացներ պայքարը, սակայն, ինչպես տեսնում ենք, մարդիկ՝ անկախ խորհրդի հանդեպ վերաբերմունքից եւ անկախ դրա մաս կազմել-չկազմելուն, յուրովի պայքարի մեջ են եւ համապատասխան պայմաններում այդ ուժերն ի զորու են նույն գաղափարի շուրջ շոշափելի արդյունքներ գրանցել». «Առավոտի» զրուցակիցն է «Արցախցիների մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության համակարգողներից Տաթեւիկ Խաչատրյանը:

-Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է հուլիսի 12-ին հերթական ցույցի մասին։ Նկատի ունենալով պայքարի նախորդ փուլի փորձը՝ ի՞նչ է սպասվում այժմ, ի՞նչ ծրագրեր կան։ Կա՞ն երաշխիքներ, որ այս անգամ էլ ՀՀ կառավարությունը «փափուկ բարձ» չի դնի արցախցիների գլխի տակ եւ տուն ճանապարհի։

-Նախորդ փուլի փորձը չարժե համեմատել ներկայի հետ, քանի որ այն ժամանակ շատ լայն կոնսենսուս կար խորհրդի ներսում եւ ժողովրդի շրջանում: Կար իշխանություններից անջատ գործելու սկզբունքը, այդուհանդերձ ողջունվում էր հանրության բոլոր շերտերի աջակցությունը՝ ի շահ արցախցիների իրավունքների պաշտպանության:

Այժմ իրավիճակը մի քիչ այլ է, ժողովրդի պոտենցիալն այս ընթացքում բավարար չի օգտագործվել. այն պայքարի պատրաստակամությունն ու ցասումը, որ պիտի դառնար փոփոխությունների մղման հիմք, մեծ հաշվով, կորսված է: Ես ու մեր ՀԿ-ն, որպես Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախկին անդամ, բարձրաձայնել ենք խորհրդի ներսում 2 անգամ խորհրդի ունեցած հնարավորությունները ոչ նպատակային օգտագործելու մասին, առաջինը՝ մարտի 29-ին, հետո՝ առաջին բանակցության ժամանակ ՀՀ կառավարության դիմաց, որտեղ եւս մարդիկ շատ վճռական էին տրամադրված, սակայն կրկին մարդկանց ուղարկեցին տուն:

Ինչ վերաբերում է սպասվող ցույցին, կարծում եմ՝ այս փուլում իշխանությունները ավելի քիչ մտահոգ են, քան սկզբնական փուլում, որովհետեւ հասկանում են, որ մարդիկ բավական հուսալքված են եւ գուցե ուժ չունենան գործուն պայքար մղելու: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ հանրությունը ցույց կտա, որ հետ չի մնում իր իրավունքներից, եւ խորհուրդն էլ իր հերթին չի կրկնի նախկինում արված բացթողումները, այս անգամ եւս մարդկանց տուն չի ուղարկի: Ինքս մասնակցելու եմ ցույցին, ինչպես մասնակցել եմ նախորդ բոլոր ցույցերին՝ նույն թեմայով եւ անկախ նախաձեռնողներից:

Ինչ մնում է «փափուկ բարձին», կարծում եմ՝ իշխանությունները նման մտադրություն չունեն, նրանք սովորաբար այդ մարտավարությունը կիրառում են, երբ վախենալու բան ունեն, ու քանի որ այս գործընթացը չափից շատ է երկարաձգվել, նրանք գիտակցում են, որ հանրային ուշադրությունը արցախցիների խնդիրների նկատմամբ որոշակի նվազել է, իսկ մենք, ինչպես գիտենք, նրանք երբեք չեն զիջում, եթե բավարար ճնշում չեն զգում իրենց ուղղությամբ: Նրանք ունեցել են ժամանակ եւ հնարավորություն զիջումներ անելու՝ ի շահ ՀՀ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող բռնի տեղահանվածների, սակայն արել են դա շատ «կոսմետիկ» ձեւով՝ մեծ հաշվով ոչ մի ռեալ փոփոխություն չանելով արցախցիներին վերաբերող ծրագրերում:

-Նպատակ կա՞ պայքարի այս փուլը համազգայինի վերածելու։

-Քանի որ գալիք հանրահավաքի կազմակերպիչը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն է, կարծում եմ՝ իրենք են իրավասու նպատակների մասին խոսելու: Բայց ամեն դեպքում, եթե կա նպատակ կամ եթե ինքնաբուխ ձեւով պայքարն ահագնանա՝ հատկապես իշխանությունների վերջին շրջանում ակտիվացրած ռեպրեսիաների ֆոնին, ապա, աներկբա, իշխանությունները դա ներկայացնելու են որպես՝ Ն.Փ.-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված Ա4 ֆորմատի եւ ԱԲ-ի օգնությամբ գեներացված թղթում գրառված «հեղաշրջման պլան»:

-«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ պարզաբանելով իր հեռանալը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից, ասել էր պատճառը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նախագահական լիազորությունների ավարտից մեկ օր առաջ Արցախի Հանրապետության պետնախարար նշանակելն է: Ստեղծումից հետո՝ կարճ ժամանակում խորհրդում նման պառակտումներն արդեն չե՞ն անլրջացնում իրավիճակը։

– Ցանկացած պառակտում, իհարկե, թուլացնում է նույն գաղափարի համար պայքարող շրջանակներին, դա է հենց պատճառը, որ մեր ՀԿ-ի համար կարմիր գիծ հանդիսացող մի քանի առիթներ մենք նախընտրել ենք չբարձրաձայնել խորհրդից դուրս եւ շարունակել մնալ նրա կազմում, սակայն եկավ պահ, երբ հասկացանք, որ շարունակել լինել խորհրդի անդամ, նշանակում է՝ չարաշահել այն մարդկանց վստահությունը, ովքեր հենց մեզ հետ են հույսեր կապում: Սակայն մենք նշել ենք, որ անկախ խորհրդի կազմում լինել-չլինելու հանգամանքից, մեզ համար մեր համայնքի խնդիրների բարձրաձայնումն ու լուծումներն առաջնահերթ են, ուստի մենք երբեք այս մասով պասիվություն չենք դրսեւորելու:

Եթե խորհուրդը լքած անդամներն ու ՀԿ-ները դա արած լինեին՝ այլեւս չպայքարելու նպատակով, այո, դա կանլրջացներ պայքարը, սակայն, ինչպես տեսնում ենք, մարդիկ՝ անկախ խորհրդի հանդեպ վերաբերմունքից եւ անկախ դրա մաս կազմել-չկազմելուն, յուրովի պայքարի մեջ են եւ համապատասխան պայմաններում այդ ուժերն ի զորու են նույն գաղափարի շուրջ շոշափելի արդյունքներ գրանցել:

-Ի դեպ՝ Արցախի Հանրապետության պաշտոնյա նշանակվելու մասին. շատ էպիկ է հնչում, քանի որ Արցախը չկա, իրավազոր մարմինները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, բայց մարդիկ պաշտոնների են նշանակվում, լիազորությունների ժամկետներ են երկարացվում, առհասարակ, լիազորությունների կռիվ է գնում։

-Եթե ՀՀ իշխող վերնախավն այսքան արցախատյաց քաղաքականություն չվարեր, այլ հակառակը՝ հետաքրքրված լիներ Արցախի հարցով եւ արցախցիների իրավունքներով, այլ ոչ թե Ադրբեջանի պես համարեր հարցը փակված, ապա կարիք չէր առաջանա ՀՀ-ում պահպանել արցախյան ինստիտուտները, քանի որ արդեն իսկ այդ գործառույթը կիրականացներ ՀՀ կառավարությունը: Բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք, ապա Արցախից բռնի տեղահանվածները կառչում են բոլոր տեսակ հնարավորություններից՝ սեփական խնդիրները բարձրաձայնելու, այդ թվում՝ արցախյան իշխանությունների մակարդակով:

Ինչ մնում է պաշտոններին ու լիազորությունների երկարաձգմանը, չեմ կարծում, թե արցախցիները հույժ հետաքրքրված են այս հարցերով, քանի որ նրանք ունեն այս պահին շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնց չլուծվելու պարագայում ստեղծվելու է մի իրավիճակ, որ մեծ հաշվով արցախյան պետական ինստիտուտների լինել-չլինելը մեկ է լինելու, քանի որ արցախցիների զգալի մասը ստիպված է լինելու արտագաղթել, իսկ մյուս մասն էլ այնքան է հյուծվելու մի քանի տեղ աշխատելով եւ ընտանիքի տարրական գոյությունն ապահովելով, որ ժամանակ չի ունենա էքզիստենցիալ խնդիրների մասին մտածելու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30