Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Միքայել Սրբազանը թաքնվելու մտադրություն ունենար, անձամբ չէր ներկայանա Քննչական կոմիտե. դատարանի որոշումը հայտնի կդառնա 08:30-ին

Հունիս 28,2025 07:21

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը հայտնի կդառնա ժամը 08:30-ին, հայտնել է Սրբազանի պաշտպանական թիմից փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ փաստաբանական թիմը բացարկ է հայտնել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Միջնորդությունը մերժվել է։ Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանն ունի քաղաքական եւ կուսակցական անցյալ, որը փաստաբաններին հիմք է տալիս չվստահել դատարանի անաչառությանը։

«Պատի մեջ ինչ-որ ճաք տեսանք», – հավելեց Զոհրաբյանը։

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ 2018 թվականին Գլխավոր դատախազության կոլեգիան որոշել է, որ միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձինք կարող են ենթարկվել կալանք խափանման միջոցի բացառապես այն դեպքերում, եթե անձը թաքնվել է, խոչընդոտել է քննությանը կամ նոր հանցանք է կատարել։

«Երբ նրանց այդ հարցը տալիս ենք, նրանք չեն կարողանում պատասխանել», – ընդգծեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ եթե Սրբազանը թաքնվելու մտադրություն ունենար, անձամբ չէր ներկայանա Քննչական կոմիտե։

Ըստ Արա Զոհրաբյանի՝ Միքայել Սրբազանը «մարտական» է տրամադրված։

«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում». դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ինչ վերաբերում է նրա հնչեցրած արտահայտությանը (2024 թվականի, ապա 2025 թվականի հարցազրույցներում) «ռազմական հեղաշրջման» մասին, դա կոչ չի եղել, այլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի գնահատական։ «Սրբազանը որևէ մեկին կոչ չի արել, այլ զրուցակցին պատմել է այն, ինչը իբրև թե կոչ են ներկայացնում։ Այս գործում որևէ հանցանք չկա։ Որևէ գործողություն չի նախապատրաստվել, անհասցե խոսքեր են, որոնք հետևանք չեն ունեցել»,- ասաց փաստաբանը:

ԱԱԾ-ն Մայր Աթոռում երեկ փորձում էր բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդին։  Չկարողանալով իրականացնել դա՝ իրավապահները հեռացան Սուրբ Էջմիածնից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ինքը ներկայացավ Քննչական կոմիտե, որտեղից էլ տեղափոխվեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայր։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30