Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Դատավոր Մասիս Մելքոնյանը սահմանափակել է արքեպիսկոպոսի շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների: Միքայել սրբազանը կտեղափոխվի Նուբարաշենի ՔԿՀ:
Երեւանում 02:30 էր, երբ մեկնարկեց դատական նիստը։ Այն տեղի էր ունենալու ուղիղ կեսգիշերին, սակայն արքեպիսկոպոսի պաշտպանական թիմը միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի կարողանան պատշաճ կերպով ծանոթանալ նախաքննական նյութերին։
Կարդացեք նաև
Խախտվում է կրկին դատվելու արգելքը․ Սարգսյան
Դատարանի շենք մտնելուց րոպեներ առաջ՝ փաստաբան Երեմ Սարգսյանը հիշեցրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հրապարակած փաստաթղթի մասին։ Իրավապաշտպանին Գլխավոր դատախազությունից նախորդ տարի հայտնել էին, որ Միքայել Սրբազանի հայտարարություններում հանցակազմ առկա չէ։
Այսպիսով՝ ըստ Սարգսյանի՝ խախտվում է կրկին դատվելու արգելքը։
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության 68-րդ հոդվածի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածում, մասնավորապես, ասվում է․
«2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը բացառում է քրեական հետապնդումը նորոգելը»։
Փաստաբանների համար անտրամաբանական է նաեւ կալանքի ընտրությունը որպես խափանման միջոց, քանի որ Միքայել Սրբազանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության համար, չի թաքնվել, չի խոչընդոտել քննությանը, նոր հանցանք չի կատարել։
Դատավորը կրկին Մասիս Մելքոնյանն էր
Երեմ Սարգսյանը կանխատեսում էր, որ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունը դատավոր Մասիս Մելքոնյանը կբավարարի։
Մասիս Մելքոնյանին էր մակագրվել նաեւ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջնորդությունը, որը Մելքոնյանը բավարարեց, եւ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց։
«Մեծ հույսեր դատավոր Մասիս Մելքոնյանից դժվար է սպասել։ Կարծում ենք, որ [գործը] հատուկ մակագրված է նրան․․․Այսօր Երեւան քաղաքի դատարանի չորս նստավայրերի բոլոր դատավորները հերթապահության մեջ են։ Մենք կանխազգում էինք, որ գործը մակագրվելու է «Ավան» նստավայրին՝ Մասիս Մելքոնյանին։ Հիմա, եթե որեւէ մեկն ասելու է, որ սա պատահականություն է, թող համարենք պատահականություն, բայց հնարավոր չէ, որ պատահականություն լինի, երբ բոլոր էսպիսի գործերը մակագրվում են Մասիս Մելքոնյանին», – վստահ էր Երեմ Սարգսյանը՝ հիմնվելով Մելքոնյանի քաղաքական եւ կուսակցական անցյալի վրա։
«Իրեն հատուկ է, սազում է իրեն, բայց մեզ չի սազում»․ Մարջան Ավետիսյան
Թեեւ դատական նիստն ընթանում էր դռնփակ ռեժիմով, շենքի առջեւ հավաքվել էին քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ՝ հաջակցություն Միքայել արքեպիսկոպոսին․ դերասանուհի Մարջան Ավետիսյան, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյան, Տիգրան Աբրահամյան եւ այլք։
Պատասխանելով արվեստագետների պասիվության մասին հարցին՝ Մարջան Ավետիսյանը հույս հայտնեց, որ «ինչ-որ պահից, իրենք էլ մեր կողքին կանգնելու են, որովհետեւ սա, իրոք, պոլիտիկայով զբաղվելը չի, էսօր կոնկրետ մեր հավատին են խփում, ու եթե մենք էսօր պիտի լռենք, էսօր պիտի վախենանք տնից դուրս գալ․․․բացատրություն չունեմ, հուսամ՝ ինչ-որ մի օր նրանք կփորձեն պատասխանել էդ հարցերին, որովհետեւ կարծում եմ՝ հանրությանն էլ, լրագրողական համայնքին էլ հետաքրքիր է, թե ինչու», – ասաց մտահոգ դերասանուհին, որը տեսնելով Մայր Աթոռում ԱԱԾ աշխատակիցների գործողությունները՝ շտապել էր Էջմիածին։
«Ինքը [վարչապետը] կոմպետենտ չի, եւ չի հասկանում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում․․․շատ ցածր, էժան պահվածք է։ Իրեն հատուկ է, սազում է իրեն, բայց մեզ չի սազում, որ թողնենք էս ամենը», – շեշտեց արվեստագետն՝ արցունքոտ աչքերով։
«Այսօր կուսակցապետություն ունենք»․ Թաթոյան
Արման Թաթոյանն էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունը կազմաքանդում է պետական հիմքերը՝ ոչնչացնելով իրավական, զսպիչ մեխանիզմները։
«Մենք այսօր ունենք կուսակցապետություն եւ անձնիշխանություն», – կարծիք էր հայտնել նախկին օմբուդսմենը։
Նախապատմություն
Երեկ ԱԱԾ-ն Մայր Աթոռում փորձում էր բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդին։ Չկարողանալով իրականացնել դա՝ իրավապահները հեռացան Սուրբ Էջմիածնից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ինքը ներկայացավ Քննչական կոմիտե։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու համար։ Սրբազանը մեղքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս է, ինչ հայաստանյան իշխանությունները հակաեկեղեցական արշավ են նախաձեռնել՝ նպատակ ունենալով հեռացնել Գարեգին Բ Հայոց Հայրապետին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ