Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ․ Նրանք ծառայում են իշխանական ներխմբային շահերին: Իրավապահ մարմիններից ի՞նչ եք ակնկալում․ «Հրապարակ»

Հունիս 28,2025 10:25

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն է:

– Հետեւո՞ւմ եք երկրում տեղի ունեցող պրոցեսներին: Ուժայինները գրոհել են Մայր Աթոռը, աննախադեպ պրոցեսներ են տեղի ունենում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ոստիկանների կողմից բռնության ենթարկվեց:

– Բայց ի՞նչն է աննախադեպ, որ….

– Վեհարանը գրոհել են, հոգեւորականներին բռնության են ենթարկում:

– Հա, կծեծեն, խի՞ չպիտի ծեծեն, որ օրենքում չկա նման կետ, որ հոգեւորական ծեծել չի կարելի, ուղղակի հարցեր կան այն իմաստով, որ եթե մարդը, օրինակ, կարող է ծանուցագիր ստանալ եւ փաստաբանի հետ ներկայանալ, ապա ինչո՞ւ են պարտադիր ուզում բռնի ուժով տանել:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ Քրեական օրենսգիրքն ու իրավապահ մարմիններն այսօր օգտագործվում են ցանկացած ընդվզում արգելափակելու եւ վերացնելու համար, բայց ե՞րբ չի այդպես եղել, այդ ե՞րբ են իրավապահները ծառայել համազգային շահերին, որ հիմա ծառայեն: Նրանք ծառայում են իշխանական ներխմբային շահերին: Իրավապահ մարմիններից ի՞նչ եք ակնկալում:

– Հանրությունն իրավապահներից ակնկալում է աշխատել օրենքին համապատասխան: Ի դեպ` ինչպե՞ս եք վերաբերվում Վեհարանը գրոհելուն, տեսնո՞ւմ եք նախադրյալներ:

– Նայած, թե ինչ տեսանկյունից ենք հարցին նայում, եթե անսովոր է, պատմության մեջ աննախադեպ է, նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ է նման բան լինում, ապա, այո, բոլորս շոկի մեջ ենք, սակայն եթե նայենք պրոցեսների տրամաբանությանը, իշխանությունների հայտարարություններին ու մինչ այս պահը նրանց արած քայլերը, ապա կհասկանանք, որ ոչինչ անտրամաբանական չէ, զարմանալի չէ, հակառակը` օրինաչափություն է: Պայքարի մեջ ոչինչ չեն խնայում, ոչ մի միջոց բաց չեն թողնում, առաջիկայում ընտրություններ են, քաղաքական ուժերը հանդես են գալիս իրար ոչնչացնելու կոչերով: Ով ուժեղ է, նա ճնշում է, պրագմատիզմի տեսանկյունից եթե նայենք, ապա իշխանությունը լրիվ իր տրամաբանության մեջ է: Բարոյական գնահատականներն այլ տիրույթում են, այդ մասին կարող են խոսել հոգեբանները, մշակութաբանները եւ այլն, բայց իրավապահ մարմնի աշխատողը չի կարող հարցին նայել բարոյական տեսանկյունից:

– Այդ դեպքում ի՞նչ հանցանք են գործել հոգեւորականները, ո՞րն է նրանց մեղքը: Նախորդ տարի Բագրատ սրբազանը փողոցային ակցիաներ էր իրականացնում, այժմ որեւէ պրոցես, կարծես, չէր ընթանում, սակայն Եկեղեցու դեմ գրոհ սկսվեց:

– Այո, եւ սա հնարավոր պայքարը, ակցիաները կանխելու լավագույն նախադեպն էր: Այսպես ամեն ինչ ավելի արդյունավետ է, ավելի էֆեկտիվ ու արագ: Իրենց ընկալմամբ` չարիքը պետք է բնի մեջ խեղդել:

– Օրինակ, եթե Ձեզ նման հրաման տային` գրոհ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, կկատարեի՞ք այդ հրամանը:

– Եթե ես հրաման կատարողներից լինեի, հիմա շարքերում կանգնած կլինեի:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց այս շրջանում հոգեւորականների դեմ իշխանությունը պայքար սկսեց:

– Որովհետեւ կա նարատիվ, որ հոգեւորականները ներգրավված են քաղաքականության մեջ եւ իշխանության համար գաղափարական մրցակից են, այլընտրանք: Եկեղեցին հեղինակություն վայելող մի կառույց է, որը չի կիսում իշխանության տեսակետները, ուստի դառնում է կոնֆլիկտի կողմ: Պատճառը զուտ սա է: Այլ պատճառ չկա: Ասում են` Եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ո՞վ ասաց: Բացեք կարդացեք կրոնական կազմակերպությունների եւ դավանանքի մասին օրենքը: Այնտեղ հստակ գրված է, որ Եկեղեցու սպասավորները սովորական քաղաքացիների պես ունեն քաղաքական պրոցեսներին ներգրավվելու իրավունք, ոչ ոք չի կարող եկեղեցականին արգելել զբաղվել քաղաքականությամբ, օրենքը նման բան չի արգելում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30