Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխումն է, այլ հերթական ինստիտուտի եւ նրա վերնախավի լոյալացումը. Դավիթ Պետրոսյան

Հունիս 28,2025 10:34

Restart գիտության և կրթության հիմնդրամի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացների, ռուսական գործակալների «որսի» նարատիվի սնանկության, ֆեյսբուքյան «ինքնալյուստրացիաների» և Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող անթույլատրելի բառապաշարի մասին։

1․ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխումն է, այլ հերթական ինստիտուտի եւ նրա վերնախավի լոյալացումը։ Այնպես, ինչպես բարեփոխվեցին դատական եւ կրթական համակարգերը, ուժային կառույցները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, այնպես էլ կբարեփոխվի եկեղեցին։ Հետ նայելով՝ կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր «բարեփոխման» հիմքում ոչ թե նոր եւ առողջ գաղափարների ու արժեքների վրա հիմնված ծրագրերն են, այլ քաղաքական սեփական շահերը սպասարկող կադրային քաղաքականությունը, որի հիմնական խնդիրը իշխանության ամրապնդումը եւ էլ ավելի կենտրոնացումն է։

Օրինակ 2018 թ․-ին կարևոր պաշտոններում՝ ԱԱԾ պետ, ոստիկանապետ, դատախազ, Նիկոլ Փաշինյանը թողեց/ նշանակեց նախկին համակարգի կադրերին՝ հույս ունենալով ստանալ նրանց եւ համակարգի հավատարմությունը, եւ հստակ էր՝ այս մարդկանց օրոք համակարգային բարեփոխումներ չեն կարող լինել։ Հետագայում ոստիկանապետի պաշտոնին Նիկոլ Փաշինյանը նշանակեց իր դասընկերոջը, ու նորից պարզ էր՝ ռեֆորմներ չեն լինելու։ ԱԱԾ-ի բարեփոխումների մասով պարզ դարձավ՝ անքննելի կառույց է, եւ փոխվեց միայն տնօրենի նշանակման եւ պաշտոնանկի կարգը։

Կրթական համակարգի մասով համալսարանների Հոգաբարձուների խորհրդում պահպանվեց հանրապետականներից ժառանգված ավանդույթը՝ ՔՊ վերնախավից նշանակվեցին Հոգաբարձուների խորհրդի նախագահներ, ռեկտորի պաշտոններում նշանակվեցին ՔՊ-ին լոյալ անհատներ, իսկ որտեղ էլ չստացվեց դա անել, կոմպրոմիսը եղավ իշխանությունների դեմ չաշխատելը եւ քաղաքական գործընթացների մեջ չներգրավվելը։ Այս բոլոր գործընթացների ընթացքում կրթության որակը, ուսանողի շահը որոշումների կայացման առաջնահերթություն չհամարվեց։
Նախագահի, ՄԻՊ-ի կադրային որոշումները նորից այս տրամաբանության մեջ են, և մենք ունենք հիմքեր կարծելու, որ նույն դրդապատճառները գործում են նաև եկեղեցու մասով։

2․ Գարեգին Բ-ի եւ մի շարք այլ հոգևորականների դեմ մեկնարկած արշավը փաթեթավորել որպես ռուսական գործակալական ցանցի դեմ պայքար անլուրջ է, և կներեք՝ նաև ծիծաղելի։

Նախ 2018 թ․-ից սկսած ու հետո՝ ՀՀ-ի այսպես ասած դեպի Արևմուտք շրջադարձի (pivot-ի) ընթացքում, այդպես էլ քաղաքական օրակարգ չդարձավ լյուստրացիայի հարցը, և իշանությունները հույսը դրեցին ֆեյսբուքյան «ինքնալյուստրացիաների» վրա։ Մինչ այժմ էլ գործում է նույն մեխանիզմը՝ արվում են հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ, մեկնաբանություններում քննարկվում է ռուսական գործակալ լինելու վարկածը, ապա նույն գրառումներում տրվում է գործակալ լինելու դատավճիռը։ Այսքանով գործընթացը ավարտվում է, իսկ այսպես ասած գործակալը հանգիստ շարունակում է իր աշխատանքը։

Հարց է առաջանում նաև՝ եթե ռուսական գործակալներ կան Հայոց Առաքելական եկեղեցում, որի մասին այդքան շատ հատկապես խոսում են ՔՊ պատգամավորները, ապա չենք կարո՞ղ մենք մտածել, որ ռուսական գործակալներ կան նաև օրինակ ԱԱԾ-ում, ոստիկանությունում, նախարարություններում, ՀՀ դիվանագիտական կորպուսում, և իհարկե համալսարաններում՝ հատկապես հումանիտար ուղղվածությամբ ֆակուլտետներում։

Ինչո՞ւ ՔՊ-ն այդ նույն կերպ մտահոգված չէ ռուսական գործակալական ցանցով այս բոլոր հաստատություններում, այն պարագայում, որ ի տարբերություն հոգևորականների, այդ գերատեսչություններում աշխատող անձանց լիազորությունների շրջանակն ավելի լուրջ է, եւ հետևաբար տրվող հնարավոր վնասի չափն էլ ավելի մեծ։

Չեմ զլանա ու նորից կհիշեցնեմ, որ ԵՊՀ-ում շարունակում է գործել Հատուկ բաժինը, որտեղ Հաց Բերողի ցույցերին մասնակցելու համար ինձ հրավիրել էին առանձնազրույց ունենալ ԱԱԾ աշխատակցի հետ, ով ինձ հարցնում էր՝ ինչպիսի վերաբերմունք ես ունեմ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, եւ ինչո՞վ են զբաղվում ծնողներս։

Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրողական մոտեցումը գործակալների նկատմամբ։ Միգուցե գործակալների մեջ կան լոյալ, ավելի քիչ լոյալ և հնազանդ գործակալներ։

3․ Շատ եմ տեսնում Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող, մեղմ ասած, անթույլատրելի բառապաշարի մասով քննադատող, ինչպես նաև զարմանք պարունակող գրառումներ։ Իմ կարծքով այս առումով Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակներ չունի, եւ նպատակը «news maker» լինելն է: Հիմնական խնդիրը հանրային քննարկումները, մեդիան պահել սեփական անձի շուրջ՝ նույնիսկ բացասական զգացմունքներ առաջացնելու գնով։ Խնդիր է դրված սեփական ֆեյսբուքյան գրառումներով թելադրել քաղաքական օրակարգ ու միշտ լինել ուշադրություն կենտրոնում։

Կա ընկալում, որ եթե մեդիան լցվի ոչ սեփական քաղաքական օրակարգերով, կամ այլ անհատների մասին խոսակցություններով, իշխանությունը կորցնելու ռիսկերը կարող են շատանալ։ Հետևաբար որքան շատ արձագանք է լինում պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարին, այնքան այն շատանալու է։

Եվ վերջում կարևոր է փաստել՝ նորից խորացվում է հասարակական բևեռվածությունը, անլրջացվում ու մաշեցվում են բարեփոխման լուրջ օրակարգերը, բարեփոխման ենթակա ինստիտուտները ոչ թե բարեփոխվում են, այլ ուղղակի հարմարեցվում առկա քաղաքական կոնֆիգուրացիային, ավելի է նվազում վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ, իսկ հանրային-քաղաքական խոսույթը լցվում է նույն բացասական, բամբասանքների մակարդակի վրա խոսակցություններով, որոնք էլ ավելի են խորացնում հասարակական հիասթավածությունը և ազդում մեր պետական եւ ազգային դիմադրողականության վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30