Պղտոր ջրում ձուկ որսալու մեջ վարպետները ակտիվացել են։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը ամենադասական ներկայացուցիչն է այդ հատվածի և զարմանալի չէր, որ հենց ինքն էլ առաջինը կարթը նետեց խոշոր ձուկ որսալու ակնկալիքով, սակայն Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինչպես միշտ իր հոգևոր բարձրության մեջ գտնվեց ու հավատարիմ մնաց այն դրված սկզբունքին, որ Եկեղեցին ու հոգևորականները երբեք քաղաքական իշխանության չեն ձգտել և նման բան տեղի ունենալ չի կարող։
Սրա մասին բազմիցս խոսվել է, և միակ կուսակցությունը, որը հավատ չի տածել այս ճշմարտության հանդեպ, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա բացահայտ ու թաքնված համախոհները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը ընթերցելով այլևս կասկած չմնաց, որ նա Նիկոլ Փաշինյանի բացահայտ գործընկերոջից տրանսֆորմացվել է, կամ փորձում է կերպարանափոխվել որպես ընդդիմադիր։ Ներքաղաքական դաշտը այժմ շատ զգայուն է և մի փոքր շեղումները կարող են պատռել տարիներով գործված դիմակներ։ Ինձ մոտ նման կարծիք ձևավորվեց, երբ ընթերցեցի նրա գրառման հետևյալ հատվածը․ «Հիմա կամ Կաթողիկոսը տալիս է իր համաձայնությունը և չի խոչնդոտում ազգային համերաշխության իմպիչմենտի գործընթացին, կամ չի տալիս՝ փակելով ազգային համերաշխության ու քաղաքական կոնսոլիդացիայի դուռը, ու շարունակում է այս գահավիժումը»։
Սա մեր դասական քաղաքական գործչի կողմից արված շատ մակերեսային վերլուծություն է, որը, կարծում եմ, նա արել է դիտավորյալ՝ իրեն որպես առաջադրված վարչապետի թեկնածուի կարգավիճակից «հերոսաբար» դուրս դնելու նպատակով։
Կարդացեք նաև
Այդպես էլ մեր որոշ քաղաքական այրեր չեն ուզում հասկանան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հոգևոր – ազգային կառույց է, որը անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը, որի առանցքային մասն է կազմում հասարակական համերաշխության ապահովումը։ Որոշ քաղաքական գործիչների ու կուսակցությունների համար որքան էլ հիմա խորթ հնչեն ասածներս, սակայն ճշմարտությունն այն է, որ Եկեղեցին չի թշնամանում երբեք իր հիվանդ ու մոլորյալ զավակների հետ։
Անառակ զավակը կարող է նույնիսկ իր ծնողների վրա ձեռք բարձրացնել, սակայն ծնողը չի ցանկանա երբեք, որ զավակի մատը փուշ մտնի։ Տվյալ դեպքում զավակ ասելով պետք է հասկանանք Հայոց Պետականությունը։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն ու Ամենայն Հայոց կաթողիկոսությունը խորությամբ զգում է, որ Հայոց Պետականությունը վտանգված է և չի կարող որևէ կերպ նպաստել նրա կործանմանը, իսկ այն ինչ առաջարկում է հարգելի Էդմոն Մարուքյանը հենց նման վտանգ է իր մեջ պարունակում։ Ինչո՞ւ եք ձեր քաղաքական ձախողումները փորձում Եկեղեցուն վերագրել։ Եկեղեցին երբեք չի սխալվում և հիմա էլ չի սխալվի։
Երբեք պատմության մեջ նման բան չի եղել, որ գործող հոգևորականը քաղաքական որևէ իշխանության ձգտի և շատ տրամաբանական է մեր շատ սիրելի Միքայել սրբազանի դիրքորոշումը՝ իրեն որպես վարչապետի թեկնածու առաջադրելու կապակցությամբ։ Եթե իսկապես ցանկություն կա անվստահություն հայտնելու ՀՀ վարչապետին, ապա մի կողմ դրեք ձեր մեծամտությունն ու փառասիրությունը և բարի եղեք համախմբվել որևէ քաղաքական գործչի շուրջը։ Իսկ Եկեղեցին իր խոսքը վաղուց է ասել և բազմիցս տարբեր բարձրաստիճան հոգևորականների կողմից վերահաստատվել են Եկեղեցու դիրքորոշումները։ Կարիք չկա ավելին պահանջել Եկեղեցուց։ Եկեղեցին չի կարող իր առաքելությունից շեղվել։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ