Հայացք ներառականությանը՝ արվեստի միջոցով
Կոտրել կարծրատիպերը, մերժել անտարբերությունը, լինել լավատես և համախմբված՝ անկախ հանգամանքներից․ «Փարոս» երգչախումբն ավելի քան երեք տասնամյակ տարբեր հարթակներից, այդ թվում՝ միջազգային բեմերից, այս ուղերձն է հղում հասարակությանը: Ընկալումներն ու աշխարհը փոխելու հերթական նախաձեռնությունն իրականացվել է Տավուշում՝ ֆլեշմոբի ձևաչափով:
«Փարոսն» իր տեսակի մեջ եզակի է՝ ներառական: Երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Թեև տարբեր են հնարավորություններով, բայց միասնական՝ նպատակներով և դրանք իրականացնելու կամքով: Այստեղ երաժշտությունը ոչ միայն հոգեբանական ռեաբիլիտացիա ապահովելու միջոց է, այլև կամուրջ՝ ներառականություն ապահովելու հարցում: «Փարոսում» լսելի, հարգված և ինքնավստահ են բոլորը: Ստեղծագործական հաջողված ճանապարհ են անցել և այդ ճանապարհին հային ու հայկականությունը ճանաչելի դարձրել տարբեր միջավայրերում: Համոզված են՝ երբ միջավայրում կա փոխըմբռնում և միմյանց աջակցելու պատրաստակամություն, ցանկացած նպատակ իրագործելի է, հաջողությունը՝ երաշխավորված:
Կարդացեք նաև
«Փարոս» կամերային երգչախմբի առաքելությունն է հայ մշակութային ժառանգությունն արժանապատվորեն ներկայացնել միջազգային հարթակներում և մեր օրինակով ոգեշնչել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ապրել լիարժեք, անկախ և ստեղծարար կյանքով։ Viva ընկերության երկարամյա աջակցության շնորհիվ մենք հասել ենք զգալի ստեղծագործական աճի, հաղթել հեղինակավոր մրցույթներում և շարունակաբար ամրապնդում ենք ներառականության գաղափարը թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Այսօրվա ֆլեշմոբը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին։ Եթե ունես կամք և հավատում ես ուժերիդ, ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել»,-ասել է «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոսը» մեծ ճանաչում ունի երկրում: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոսը» կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի և արտերկրի (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան) մեծ բեմերում՝ դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ և խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոսն» իր օրինակով լիարժեք ապրելու և ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է, այլև ապրեցող ուժ:
2011 թվականից հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ Viva-ն, եղել է «Փարոսի» գլխավոր գործընկերը։