Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Կարգալույծ եղած վարդապետի պնդումը ճիշտ չէ․ Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունիս 28,2025 16:57

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ:

Նկատենք, որ ըստ առկա տեղեկությունների, Հովհաննիսյանը կարգալույծ է հռչակվել 2017 թվականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրության հիման վրա, համաձայն որի՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել է:

Հովհաննիսյանը, մասնավորապես, պնդել է, թե կաթողիկոսը ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալ է. «1979 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել և արտաքսել են Մոսկվա՝ ձեռնաշղթաներով»։

Համաձայն Մայր Աթոռի կայքում ներկայացված՝ Գարեգին Բ-ի կենսագրական տվյալների՝ 1975 թվականին նա նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թվականին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

Այնուհետև Հովհաննիսյանը պնդել է, թե երբ 2005 թվականին կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա և հանդիպել այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հենց Գարեգին Բ-ի ենթադրյալ գործակալ լինելու պատճառով։

«Անգելա Մերկելը, չլսված բան է, մերժեց նրա հետ հանդիպումը, նամակները կան, թե՛ Գերմանիայում, թե՛ Էջմիածնում։ Երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը), Մերկելն արհամարհանքով մերժել է հանդիպել, տեսել է, որ գործակալ է եղել իր ուսանող տարիներին… Գարեգինը վախենում է և չեղարկում է իր այցելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր խոսքերը պատրաստ է ապացուցել դատարանում։

Նա նաև պնդել է՝ Գերմանիայի հայոց թեմը միակն է, որտեղ Գարեգին Բ-ն չի այցելել իր կաթողիկոս եղած տարիներին։

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ Հովհաննիսյանի պնդումը, թե իր կաթողիկոս լինելու տարիներին Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը։

Այսպես, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի ընթացքում նա հանդիպել է ինչպես Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այնպես էլ Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30