Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, իր կյանքը չի պատկերացնում առանց ԱԺ ամբիոնի, որտեղից վերջին 7 տարվա ընթացքում ստերի, մանիպուլյացիաների ու հայհոյանքների այնքան «հեղեղ» է հորդացել, որքան նախորդ 30 տարիներին միասին վերցրած չէր եղել: Խորհրդարանական հարցուպատասխանի հարթակը Փաշինյանի օրոք երբեք իր կոչմանը չի ծառայել: Այդտեղ ընդդիմության կողմից հարցերը, որպես կանոն, հնչում են իբրեւ մարտահրավեր, իսկ Նիկոլի պատասխաններն՝ իբրեւ սպառնալիք: Մայիսի 7-ի չորեքշաբթյա հարցուպատասխանը, որին ուշի ուշով հետեւում էինք, ասվածի ցայտուն վկայությունն է:
Հիշյալ անձի վարքաբանական եւ դիմախաղային փոխակերպումները հոգեվերլուծական լուրջ հետազոտության կարիք ունեն: Սկզբում նա հանգիստ էր: Համենայն դեպս՝ խոսում էր թեմաներից, որոնք ինչ-որ առումով նույնիսկ բնական էին: Օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների բացառումը. դա մի կողմից անուղղակի պատասխան էր իմպիչմենտի թեմայով զբաղվող ընդդիմությանը, ինչն այդ օրերին ներքաղաքական կյանքի առանցքային խնդիրներից էր, մյուս կողմից էլ թիմակիցներին հասցեագրված ազդանշան էր առ այն, որ իշխանության կորստի հարցով առանձնապես անհանգստանալու կարիք չկա. իբր՝ մեկ տարվա նախընտրական ժամանակաշրջանը լիովին բավական է բոլոր խութերը հարթելու համար:
Հետո Փաշինյանն աստիճանաբար սկսեց չարանալ, բորբոքվել, մասնավորապես՝ դարձյալ մեջտեղ բերեց չարչրկված թեմաներից մեկը, որին պարբերաբար անդրադառնում է՝ դա երեք նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու մասին սեւեռուն գաղափարն է: Ինքը լավ գիտի, որ նախագահներից եւ ոչ մեկն իրեն լուրջ չի ընդունում եւ քանիցս հասկանալ են տվել, որ «ազգակործան պատուհասի» հետ բանավիճելու ոչինչ չունեն: Մանավանդ՝ Արցախի կործանումից հետո: Եթե հանձնել ես, չկա այլեւս բանավեճի առարկան, ինչի՞ շուրջ են բանավիճելու: Եվ ակնհայտ է, որ այդ թեման միայն պատրվակ է՝ ցույց տալու համար, թե տեսեք ինչ համարձակն է, կա՞ մեկը, որ սիրտ կանի իր հետ բանավեճի հրապարակ մտնել:
Բայց հիմնական սկանդալը ծավալվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը կոռուպցիայի թեմայով թիրախային հարց ուղղեց Փաշինյանին: Այստեղ արդեն ջղերը տեղի տվեցին, կորցրեց հավասարակշռությունը եւ, ընդդիմության հասցեին սպառնալիքների իր ողջ պաշարը պարպելով, լքեց ամբիոնը: Հա, վերջում էլ «դատավճիռ» կայացրեց, որ ընդդիմության տեղը ԱԱԾ-ի նկուղն է, որ ԱԺ-ում նրանք անելիք չունեն եւ այլն: Զարմանալի ոչինչ չկա, որ հենց կոռուպցիային առնչվող հարցը հունից հանեց նրան: Այս մարդն իշխանության էր եկել կոռուպցիան եւ թալանը արմատախիլ անելու հստակ հավաստիքով, բայց արի ու տես՝ ոչ միայն դրժել է խոստումը, այլեւ ինքն ու իր թիմն են մինչեւ ականջները խրվել կոռուպցիայի տիղմում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում