Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը եւ Եկեղեցու այլ շքանշանակիրներ լռում են Վեհարանի վրա հարձակման մասին

Հունիս 29,2025 18:46

Հունիսի 27-ին աննախադեպ ներխուժում տեղի ունեցավ Մայր Աթոռի վրա, ինչից հետո երկու ամսով կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա եւ Բագրատ սրբազանի կալանավորումը մեծագույն հրճվանք առաջացրեց ադրբեջանական մամուլում, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած արտահայտությունը, թե պատրաստ է Վեհափառին եւ մեկ այլ հոգեւորականի ներկայությամբ ապացուցել, որ թլպատված չէ, ամոթալի վերնագրերով տիրաժավորվեց միջազգային մամուլում;

Իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների կողմից Հայոց եկեղեցին վարկաբեկելու բոլոր նկրտումները լայնորեն դատապարտվեցին տարբեր հարթակներում ու տարբեր անձանց ու կառույցների կողմից: Փաշինյանը ոչ միայն չկատարեց իր այն խոստումը, թե մինչեւ հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա, այլեւ իր եւ կնոջ կազմակերպած  կրթարշավի շրջանակներում կրկին թիրախավորեց եկեղեցին ու հոգեւորականներին, իսկ  Աննա Հակոբյանը հետին թվով փորձեց խմբագրել Պատմահոր «Ողբը»՝ ասելով, որ  Խորենացին այսօրվա հոգեւորականների մասին գրելիս գուցե ավելացներ «հանցագործ» եւ «ահաբեկիչ» բառերը:

Բազմաթիվ հանրային դեմքեր, գործիչներ, սովորական քաղաքացիներ հանդես եկան ի պաշտպանություն Հայոց եկեղեցու եւ ի զորակցություն քաղաքական դրդապատճառներով կալանավորված սրբազանների, իսկ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ եկեղեցու կողքին կանգնելու համար՝ վտանգելով սեփական բիզնեսները:

Տարօրինակ էր, սակայն, Հայոց եկեղեցու բարձրագույն պարգեւների արժանացած մի շարք գործիչների լռությունը: Օրինակ, երգիչ Միհրան Ծառուկյանը դատապարտեց Մայր Աթոռ ներխուժումը, սակայն նույն ազգանունը կրող գործարար Գագիկ Ծառուկյանը շարունակում է լռել՝ հավանաբար վախենալով կորցնել ունեցվածքը կամ դիրքորոշում արտահայտելու արդյունքում խանգարել հետախուզման մեջ գտնվող որդու՝ Նվեր Ծառուկյանի գործի կարճմանը, ում մասնակցությամբ միջադեպի ժամանակ ծեծկռտուք էր եղել, ու կրակոցներ էին հնչել:

Ի դեպ, ի տարբերություն եկեղեցու կողքին կանգնած անհայտ ու հայտնի այլ մարդկանց, 2002թ. Գագիկ Ծառուկյանին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան: Հավատացյալ ներկայացող, ավելի քան 100 մետր բարձրությամբ Հիսուսի արձան տեղադրող  այս գործարարի հիմնադրամի կայքում  նշված է, որ նա Հայաստանում կառուցել է 8 ու վերակառուցել շուրջ 2 տասնյակ եկեղեցի;

Ի պաշտպանություն եկեղեցու եւ  ի աջակցություն գործարար Սամվել  Կարապետյանի՝  հրապարակային ոչ մի բառ չասացին խոշոր գործարարներից շատերը, օրինակ` Սամվել Ալեքսանյանը, որը քավոր- սանիկային հարաբերությունների մեջ է Կարապետյանի հետ կամ, ասենք, SAS գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանը:

Նշենք, որ տարբեր տարիների «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պատվել են ոչ միայն հայաստանցիների, այլեւ սփյուռքահայ բարերարների, այդ թվում՝ Վիտալի Գրիգորյանցին, Նուբար Աֆեյանին, Սերգեյ Սարկիսովին, Արթուր Գրանցին:

Բացի Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանից, սահմանված են նաեւ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» ու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո  շքանշանները: Ժամանակին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է  հանձնվել բարոնուհի Քերոլայն Քոքսին, դատավոր Հրաչիկ Սարգսյանին, բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին, դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին, պատմաբան Էմմա Կոստանդյանին, ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանին, նկարիչ Զախար Խաչատրյանին, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին, Ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանին, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին եւ այլոց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»  եւ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են շնորհվել նաեւ  կոմպոզիտորներ Արզաս Ոսկանյանին, Ստեփան Ռոստոմյանին, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին եւ շատ շատերի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30