Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Լենինականի «Երկաթե լեդին»՝ Դոնարա Հարությունյանը

Հունիս 29,2025 22:08

93 տարեկան հասակում մահացել է Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը, որի ղեկավարման տարիներին այս քաղաքը ծաղկել է։ Լենինականցիների վստահեցմամբ, նա եղել է ղեկավարի դասական օրինակ՝ իր իմաստությամբ, խստապահանջությամբ, կազմակերպչական բացառիկ դիրքով ու ղեկավարելու ունակությամբ։

Նրա ղեկավարման տարիները այս քաղաքի բնակիչները երանությամբ են հիշում՝ սերնդեսերունդ փոխանցելով։

28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատել է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին, որպես քաղկոմի առաջին քարտուղար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության նախկին պետ Տարոն Գևրորգյանը, ում հայրը  Դոնարա Հարությունյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում աշխատել է Լենինականի քաղկոմի 2-րդ քարտուղարի օգնական, գրում է․

« Լենինականի «Երկաթե լեդին», նվիրյալն ու մեծ զավակը (Տիկին Դոնարայիս, ում մասին անցյալով խոսելն անհնար է)

ԽՍՀՄ տարիներին Հայաստանում հազվադեպ կին ղեկավարներ կային: Նրանցից մեկը՝ իր կազմակերպչական բացառիկ ունակություններով ու ղեկավարման հատուկ ձիրքով աչքի ընկած Դոնարա Ասքանազովնան էր: Ընդհանրապես, Լենինականում մեծացած իմ տարեկիցներից քչերը կհիշեն այն ժամանակվա քաղկոմի 1-ին քարտուղարին: Ես հիշում եմ, քանի որ մեր բարեկամությունը (ոչ արյունակցական, այլ բարին կամենալու իմաստով) ընտանեկան էր, ու այդ անուն- հայրանունը երևի ամեն օր եմ լսել:

Հայրս ժամանակին եղել է Լենինականի քաղկոմի 2-րդ քարտուղար Անդրեյ (Անդրանիկ) Իսաևիչի օգնականը, ու դեռ այդ տարիներից մեծ հպարտությամբ էր խոսում Տիկին Դոնարայի մասին: Մորս էլ՝ գիտեր որպես վաստակաշատ մանկավարժ, քաղաքում ի պատիվ մեծանուն հայերի նախատեսված հանդիպումների կազմակերպիչ և այլն: Բազմիցս ընտանիքով հյուրընկալվել ենք նաև Սայաթ-Նովա փողոցում գտնվող իր տանը, ուր իր սիրելի հյուրերին պարտադիր իր ձեռքով պատրաստածն էր հյուրասիրում:

Մի ֆենոմենալ կին էր Տիկին Դոնարան: Շատ խիստ ու պահանջկոտ ղեկավար էր (դրա համար Լենինականի երկաթե լեդիի համբավ ուներ), անչափ ճշմարտախոս ու նույնքան բարի, պարզ ու բոլորի հետ հասարակ, քաղաքի համար լավ գործ անողներին՝ ամեն ինչով սատարող, շփվող ու անմիջական: Իր անունն ասոցացվում էր Լենինականի ամենածաղկուն շրջանի հետ:

Չնայած սովետական գրաքննությանն ու ցենզուրային՝ հաճախ ներկա էր լինում մշակութային միջոցառումներին, այդ թվում՝ Մանկավարժական ինստիտուտի դասախոսներից ու ուսանողներից կազմված՝ հորս հիմնած ազգագրական երգչախմբի համերգներին: Ինքս էլ ծնողներիս հետ այդ երգչախմբի կազմում էի:

Մի անգամ, Մանկավարժականի 50-րդ հոբելյանի առիթով կազմակերպված համերգին ներկա է գտնվում նաև Կարեն Դեմիրճյանը: Կար մի երգ, որում ես, հայրս ու մայրս սոլո հատվածներ ունեինք: Կարեն Սերոբիչին թվում է, թե իրենց թոռնիկն եմ, ոչ թե որդին (քանի որ հատկապես իմ ու հորս տարիքային տարբերությունը 55 տարի էր): Երբ Դոնարա Ասքանազովնայից իմանում է իրականությունը, մեզ հրավիրում է Երևան, մեր պատվին կազմակերպվում է հատուկ ընդունելություն՝ ազգագրական երգերը տարածելու համար, և , ըստ էության, մեր խմբի համար մեծ հեռանկարներ են բացվում:

Ցավոք, տարիներ անց, ուղեղի կաթված ստացավ հայրս, ու Դոնարա Ասքանազովնան առաջիններից մեկն իմանալով այդ մասին՝ «Շտապօգնության» մեքենայով կազմակերպեց նրա տեղափոխումը Երևան ու հետագա բուժումը:

Երախտապարտ եմ, չեմ մոռանում ոչ մի դրվագ, ու մեծ ցավ ապրեցի՝ իմանալով իմ սիրելի, մեծագույն հայուհի, Շիրակի պանծալի դուստր, «Շիրակ» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Լենինականի յուրատեսակ խորհրդանիշ Դոնարա Ասքանազովնայի մահվան գույժը: Բայց նա միայն ֆիզիկապես մեզ հետ չէ այլևս: Նա այնքան մեծ ներդրում ունի Լենինականի համար, որ վստահաբար, շատ երկար է հիշվելու, և,ինչպես ամենայն հայոց բանաստեղծն էր ասում՝ «մարդու գործն է միշտ անմահ»: Որպես վերջաբան՝ ես չեմ հավատում այն թեզին, թե չկան անփոխարինելի մարդիկ, կոնկրետ ինձ համար այդպիսիք կան… Խոնարհումով…»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը ևս կիսվել է իր հիշողություններով․ «Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակմանս առաջին օրերն էին։ Աշխատասենյակում էի, երբ զանգ ստացա ընդունարանից։ Գործավարուհին փոխանցեց՝ տիկին Դոնարա Հարությունյանն է ցանկանում խոսել Ձեզ հետ։

Լսափողում հնչեց այն յուրահատուկ ձայնը, որը Գյումրիում շատերն են ճանաչում՝ տիկին Դոնարայի ձայնը՝ մեղմ, տաք, բայց խորը իմաստով լի։

-Բարև, աղջիկս, – ասաց նա,- զանգել եմ, որ քաջալերեմ ու հաջողություն մաղթեմ։ Հետևում եմ քո գործունեությանը՝ գոհ եմ։

Այս խոսքերը ոչ միայն ոգևորող էին, այլև կրկնակի պատասխանատվություն էին դնում իմ ուսերին։ Հնչում էին մի կնոջից, ով տասնամյակներ շարունակ եղել է առաջնորդի խորհրդանիշը Գյումրիում, իմաստության ու նվիրվածության մարմնացումը։

Երկար, անկեղծ զրույց ունեցանք։ Տիկին Դոնարան պատմեց, որ իր դուստրը՝ Գայանեն և իմ հայրը դասընկերներ են եղել, ճանաչում էր իմ ծնողներին։ Առհասարակ նա լավ էր ճանաչում բոլորին Գյումրիում։ Շատերի հոգսերին ու խնդիրներին էր տիրապետում, ուներ անսպառ հիշողություն, համակ ուշադրություն և սրտացավություն։

Պատմում էր, թե ինչպես են իրեն ընդունել Լենինականում՝ որպես կին ղեկավար, պատմում էր դժվարությունների, խոչընդոտների, բայց և հաղթանակների մասին։ Նրա յուրաքանչյուր բառը վկայում էր կոփված կյանքի, հաստատուն համոզմունքների և սիրով առաջնորդված ուղու մասին։

Զրույցը դարձավ մտերմիկ։ Պայմանավորվեցինք պարբերաբար շփվել։ Այդ ընթացքում ամիսը մեկ-երկու անգամ խոսում էինք՝ ամեն ինչի մասին։ Շփումները դարձան ճշմարիտ մտերմություն՝ սերունդների երկխոսության լավագույն օրինակը։ Ինձ համար նրա խոսքն ու խորհուրդը իմաստության չափանիշ է։ Քովիդից հետո տիկին Դոնարան առավելապես խուսափում էր մարդկանցից ու կենդանի շփումից, բայց իմ խնդրանքը չմերժեց, և մի օր հանդիպեցինք։

Հանդիպումն ինքնին օրհնություն էր մի կնոջից, ով տասնամյակներ շարունակ եղել էր Գյումրիի հասարակական կյանքի առանցքային դեմքերից մեկը։ Գյումրու հոգին, հիշողությունը և արժեքային քարտեզը կարծես մարմնավորված էին նրա մեջ։

Տիկին Դոնարան ուներ բացառիկ ընդունակություն՝ տեսնելու մարդկանց, հասկանալու նրանց ցավն ու կարիքը։

Նա ֆանտաստիկ կերպով տիրապետում էր Հայաստանի անցուդարձին, քաղաքական վիճակին, խնդիրներին ու մարտահրավերներին։ Իր փորձառությունն ու իմաստությունը ժամանակի հոսքում բնավ չէին խամրել։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ ավագ ընկեր, սիրելի՛ Դոնարա Ասքանազի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30