Սփյուռքում բնակվող հայազգի ծրագրավորող Արմեն Աթայանը ներկայացրել է հայկական ChatGPT-ն՝ HyGPT մեծ լեզվային մոդելը, որը հասանելի է համացանցում բոլոր ցանկացողների համար՝ անվճար հիմունքներով։
HyGPT-ն առաջին բարձրորակ մեծ լեզվային մոդելն է, որը ստեղծվել է հատուկ հայերենի համար։ Նախագծի գլխավոր նպատակը արևելահայերենով աշխատող լեզվային մոդելի ստեղծումն ու թրեյնինգն էր՝ ի նպաստ հայերեն լեզվի թվային ներուժի զարգացմանը և հայախոս համայնքի՝ ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմանը։
Նախագիծն իրականացվել է մի քանի կարևոր ուղղություններով։ Սկզբում ընտրվել է համապատասխան հիմքային մոդել, որին հաջորդել է արևելահայերենում ներկայացուցչական և մեծածավալ կորպուսի հավաքագրումն ու մանրակրկիտ պատրաստումը։ Այնուհետև իրականացվել է նախնական ուսուցում՝ մոդելը հայերենի հետ արդյունավետ աշխատեցնելու նպատակով։ Ծրագրի ընթացքում ներդրվել են մի շարք նորարարական լուծումներ, որոնք ուղղված էին մոդելի որակի բարձրացմանը։ Ավելին, կատարվել է հրահանգների վրա հիմնված ուսուցում, ինչը զգալիորեն բարելավել է մոդելի երկխոսության ունակությունները։
Չնայած վերջին տարիներին մեծ լեզվային մոդելների ոլորտում արձանագրված առաջընթացին՝ հայերենը մինչ այժմ մնում էր գրեթե անտեսված։ Սա մեծ խոչընդոտ է հայախոս օգտատերերի համար՝ նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու առումով։
Կարդացեք նաև
«HyGPT-ի ստեղծումը մեր մշակույթի և լեզվի թվային ինքնության պահպանման կարևոր և անհրաժեշտ քայլ է։ Հայերենն արժանի է ունենալ ժամանակակից արհեստական բանականության այնպիսի գործիքներ, որոնք կկարողանան ծառայել թե՛ կրթությանը, թե՛ բիզնեսին, թե՛ ստեղծարար ոլորտներին։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է բացում հայախոս օգտատերերի համար՝ օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և զարգացնել հայերենով աշխատող համակարգերը։ Հպարտ եմ, որ կարողացանք ստեղծել առաջին բարձրորակ մեծ լեզվային մոդելը, որը հատուկ ձևավորված է մեր լեզվի առանձնահատկությունները հաշվի առնելով»,-իր խոսքում նշել է Արմեն Աթայանը։
HyGPT-ի ստեղծման գործընթացում օգտագործվել են հայկական լրատվամիջոցների հոդվածներ, մաքրված վեբ-բովանդակություն, հայերեն Վիքիպեդիայի գրառումներ, գրական ստեղծագործություններ, գիտական հրապարակումներ և այլ հանրամատչելի աղբյուրներ։ Մեծապես աջակցություն է ցուցաբերել նաև Արտակ Հովսեփյանը․ առանց նրա հավաքած նյութերի HyGPT-ն ամբողջական չէր լինի։
HyGPT-ի ստեղծող Արմեն Աթայանի մանկությունն անցել է Հայաստանում։ Այժմ բնակվում է Ղազախստանում, որտեղ հիմնադրել է Gen2B.ai ընկերությունը՝ նպատակ ունենալով զարգացնել արհեստական բանականության կիրառությունը բիզնես ոլորտում։ Նրա ջանքերով Ղազախստանում արդեն ստեղծվել է ղազախերեն առաջին լեզվային մոդելը՝ Irbis GPT-ն․ վերջինիս մասին բազում հիշատակումներ կան ղազախական մամուլում։ Առաջիկայում նա նախատեսում է նաև ստեղծել լեզվային մոդել Լյուքսեմբուրգի և Ուզբեկստանի համար։
HyGPT-ի ստեղծումն Արմեն Աթայանը դիտարկում է որպես անձնական ներդրում՝ Հայաստանում արհեստական բանականության զարգացման գործում։ Նրա խոսքով՝ այս քայլն իր երախտագիտության արտահայտությունն է՝ ուղղված հայ մշակույթին, լեզվին ու հասարակությանը, որոնք առանցքային դեր են ունեցել իր անհատականության և մասնագիտական ուղու ձևավորման մեջ։ Նա հույս ունի, որ HyGPT-ն կդառնա հիմք բազմաթիվ նոր հայկական թվային նախաձեռնությունների համար։
Մամուլի հաղորդագրություն