2019 թվականի համեմատ Հայաստանում 2024-ին ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների թվի նվազում է արձանագրվել: Եթե 2019-ին ՀՀ բնակչության 21% բիզնես սկսելու ցանկություն ուներ, ապա 2024-ին նրանց թիվը կազմել է 17% : Այս ցուցանիշներն արձանագրվել են «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության կողմից պատրաստած «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հետազոտության շրջանակում, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:
Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս նախաձեռնությանը, առաջինը 2019-ին էր: Զեկույցի կազմմանն այս անգամ մասնակցել է 51 երկիր:
«Մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ: Ցուցանիշը շատ հետաքրքիր է` հաշվի առնելով, որ նախկին Սովետական միության երկրները միշտ ցույց են տալիս ավելի ցածր հետաքրքրություն: Սակայն ասեմ, որ այդ ցուցանիշը նվազել է 2019 թվականի նկատմամբ: Մասնավորապես, կարծում ենք, որ դրա պատճառը այն էր, որ 2019-ին հեղափոխությունից հետո ավելի ռոմանտիկ պատկերացումներ կային ապագայի նկատմամբ, հետագայում, ցավոք սրտի, այն բոլոր ճգնաժամերը, ինչի միջով անցավ մեր երկիրը, բերեցին տվյալ միտման նվազմանը»,- Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Կարդացեք նաև
Ազգային զեկույցի շրջանակում դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքներ հատկապես կարևոր է հաշվի առնել հետագայում ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման ժամանակ: Այսպես, օրինակ, 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան («Արևելյան Եվրոպա+» խմբում զբաղեցնում է 1-ին, իսկ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում` 5-րդ տեղը)՝ ձեռնարկատիրությունը դիտարկելով որպես ցանկալի կարիերա։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում, ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում:
Կարևոր տվյալներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։
Իսկ ահա կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։ Կարևոր է նշել նաև, որ ըստ հետազոտության արդյունքների թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ ի տարբերություն ձեռնարկատիրությամբ նոր զբաղվել ցանկացողների թվի նվազմանը՝ կայացած բիզնեսի թիվն է աճել. «Նոր սկսող բիզնեսի քանակը նվազել է, բայց կայացած բիզնեսի թիվը աճել է, ինչը նշանակում է, որ 2019-ին սկսած բիզնեսում շատ ավելի հաջողություն գրանցած ձեռնարկատերեր են եղել, քան մինչեւ այդ»:
Պարոն Շաբոյանը դժվարացավ ասել, թե այս տարվա հունվարից ուժի մեջ մտած հարկային նոր փոփոխությունները՝ (շրջհարկի դրույքաչափի բարձրացում, մի շարք բիզնեսների դեպքում հարկային նոր ռեժիմների անցնել եւ այլն) ինչ հետեւանքներ թողեցին բիզնեսի վրա, բարելավեցի՞ն, թե ՞ վատթարացրին բիզնես միջավայրը. «Մեր հետազոտությունը 2019-ին եւ 2024-ին ենք արել, 2023-ին չունենք հետազոտություն, որ հասկանանք՝ այս վերջին փոփոխություններն ինչպես են ազդել ձեռնարկատիրության վրա: Բայց հետաքրքիրն այն է, որ մեր պետական քաղաքականությունը, կարծես թե, ուղղված է նոր բիզնես սկսողներին օգնելուն, փոքր բիզնեսներին աջակցելուն: Դա նշանակում է՝ մարդիկ սկսում էին բիզնես, որովհետեւ պետությունն օգնում էր, բայց հետագա աճի հնարավորություններ չկային: Այսինքն՝ պետությունը կենտրոնացած էր բիզնեսի քանակն ավելացնելուն, ոչ թե բիզնեսի արտադրողականությունը կամ փոքր բիզնեսից ավելի կայացած բիզնես ստեղծողներին օգնելուն: Այնինչ՝ մենք կարծում ենք, որ այստեղ պետության դերը շատ ավելի կարեւոր է, քանի որ այսպես թե այնպես բիզնես սկսողը կսկսի բիզնեսը, շատ ավելի բարդ է, օգնես, որ փոքր բիզնեսը դառնա կայացած բիզնես ու շատ ավելի օգուտ բերի երկրին ու ձեռնարկատիրությանը»:
Անդրադառնալով զեկույցի կարևորությանը` ACSES Սոցիալ–տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը նշեց. «Դժվար է թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ դա թույլ է տալիս քաղաքականություն մշակող մարմնին և նաև գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ծրագրատիրության միտումները և նաև մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք և համապարփակ քաղաքականություն մշակել առկա բացերը լրացնելու և ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար»։