Բաքվում ձերբակալել են «Sputnik Ադրբեջան»-ի երկու աշխատակցի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք իբր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցներ են։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության երկու գործակալներ, որոնք «քողարկման տակ» աշխատում էին «Սպուտնիկ Ադրբեջան»-ում, ձերբակալվել են», – հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ՆԳՆ-ն «գործողություններ» է իրականացրել Բաքվի Sputnik-ի գրասենյակում: Ռուս դիվանագետներին թույլ չեն տալիս հանդիպել Sputnik Ադրբեջանի լրագրողների հետ, նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը տեղի ունեցողի մասին ու դեռևս արձագանք չկա.
ՌԴ-ում անհանգստացած են, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները չեն կարողացել կապ հաստատել Sputnik Ադրբեջանի ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկրում ռուսական պետական և մասնավոր հաստատությունների բոլոր միջոցառումների չեղարկման մասին. պատճառը Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման անդամների դեմ իրավապահների գործողություններն են: Չեղարկվել է նաև փոխվարչապետ Օվերչուկի այցը։
Եկատերինբուրգում ձերբակալվել է ՌԴ 6 քաղաքացի. ազգությամբ ադրբեջանցի Մազահիրը, Ակիֆը, Բաքիր և Այազ Սաֆարովները, Ալիխան Գանջիևը և Շահին Լալաևը:
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ մեղադրյալները ներգրավված են եղել 2001 թվականին մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ. դրդապատճառը բիզնեսում ազդեցության բաժանումն է։
Կասկածյալներից երկուսը՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, մահացել են քննության ընթացքում։
Բաքուն չեղարկել է նաև պատգամավորների այցը Մոսկվա: Իսկ մինչ այդ արտգործնախարարությունը բողոքի նոտա էր փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։