Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է քայլերի ժամանակացույց կազմի, որի իրականացմամբ պատրաստ կլինի ԵՄ-ին պաշտոնապես ներկայացնել ասոցացման համաձայնագիր կնքելու առաջարկ. հայտարարություն

Հունիս 30,2025 17:22

Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է նոր քաղաքական փուլի, որտեղ Եվրոպական Միությանն անդամակցելու հռչակված ցանկությունը պետք է համալրվի համակարգված քայլերով, ներպետական իրավաքաղաքական հստակեցումներով և արտաքին գործընկերների հետ կանխատեսելի, շարունակական աշխատանքով, բոլոր քաղաքականությունների սինքրոնացմամբ եւ ներդաշնակեցմամբ։ Այս գործընթացը չի կարող մնալ միայն արժեքային հռետորաբանության կամ խորհրդանշական հայտարարությունների դաշտում։ Հայաստանը կանգնած է մի պատմական շեմին, որտեղ անհրաժեշտ է հստակեցնել իր նպատակակետը, ձևակերպել ընթացքի ռազմավարությունը և այդ ռազմավարությունից բխող կոնկրետ գործողությունների շրջանակը։

ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու վերջնանպատակ՝ անդամակցությունը, ենթադրում են լայնածավալ և համապարփակ աշխատանք, որի առաջին և հրատապ բաղադրիչն է ԵՄ անդամակցության ազգային ռազմավարության մշակումը։ Այդ ռազմավարությունը պետք է ամրագրի ոչ միայն Հայաստանի հանձնառությունները, այլև իր ներքին վերափոխումների ուղղությունները, ինստիտուցիոնալ զարգացման գերակայությունները և հանրային ներդաշնակության պայմանները։

Այդ ռազմավարությունից պետք է բխի նաև գործողությունների ճանապարհային քարտեզ՝ իր մեջ ներառելով օրենսդրական ներդաշնակեցման, կառավարման արդյունավետության բարձրացման, տնտեսական մրցունակության ամրապնդման և սոցիալական ներդաշնակության ապահովման գործնական մեխանիզմները։ Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ ԵՄ-ին ոչ միայն որպես քաղաքական կամքով առաջնորդվող, այլև ինստիտուցիոնալ առումով պատրաստ ու իրավաքաղաքական չափանիշներով հստակեցված գործընկեր։

Հայաստանի ներկայիս անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կառուցվածքային անհամատեղելիություն է ստեղծում ԵՄ անդամակցության գործընթացի հետ, վերածվելով համակարգային խոչընդոտի եւ սպառնալիքի։

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական և տնտեսական ռեժիմները սկզբունքային տարբերությունների վրա են հիմնված, Հայաստանը պետք է սկսի իր անդամակցության իրավաքաղաքական և տնտեսական հետևանքների գնահատման գործընթացը և դրա հիման վրա՝ քաղաքականապես եւ իրավաբանորեն հստակեցնի իր առաջիկա քաղաքական մտադրությունը ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ Դա անհրաժեշտ քայլ է՝ թե՛ բանակցային գործընթացի ամբողջականության ապահովման, և թե՛ գործընկերների վստահության ամրապնդման տեսանկյունից։

Միաժամանակ, Հայաստանը պետք է քայլերի ժամանակացույց կազմի, որի իրականացմամբ պատրաստ կլինի ԵՄ-ին պաշտոնապես ներկայացնել ասոցացման համաձայնագիր կնքելու և DCFTA-ի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ, ինչը կարևոր հանգրվան կլինի ԵՄ-ի հետ իրավական ինտեգրման մեկնարկի տեսանկյունից, մասնավորապես, Հայաստանի՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հայտի տրամաբանական շարունակությունը։ Այդ կարգավիճակը քաղաքական վստահության արտահայտություն է, սակայն նաև՝ տնտեսական և ինստիտուցիոնալ մեծածավալ աջակցության հնարավորության դարպաս։

Այս ամենը պետք է զուգակցվի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շուրջ ունեցած քաղաքական ըմբռնումով։ ԵՄ դիտորդները Հայաստանում միայն սահմանի վերահսկման գործառույթ չեն իրականացնում։ Նրանց ներկայությունը Եվրոպական միության անվտանգային ներգրավվածության առաջին մակարդակն է և պետք է դիտարկվի որպես Արևելյան գործընկերության համատեքստում Հայաստանի անվտանգության պատասխանատու շահառուի ինստիտուցիոնալ հիմք։

Հայաստանը պետք է ընդլայնի այդ առաքելության քաղաքական և գործառնական ընդգրկումը՝ որպես խաղաղության, կանխարգելման և վստահության հաստատման մեխանիզմ։

Հայաստանը չի կարող երկխոսել ուժային կենտրոնների հետ՝ թույլ պետության դիրքից։ Նրա միակ իրական կապիտալը զարգացող, կանխատեսելի և գործընկերային հարաբերություններն են Եվրոպայի հետ։

Որքան խորն է այդ կապը, այնքան կայուն է Հայաստանի դիրքը հարևանների հետ հարաբերություններում, նորմալացմանն ուղղված բանակցային գործընթացներում։

Մենք համոզված ենք՝ Հայաստանի ապագան որոշվում է ոչ թե փակ համակարգերում, այլ՝ բաց աշխարհում։ Եվ այդ աշխարհում ԵՄ-ն մնում է մեր արժեքային, քաղաքական, ռազմական և անվտանգային համախմբման բնական ընտրությունը։

Մեր խնդիրը մեկն է՝ այդ ընտրությունը դարձնել տեսանելի, իրագործելի՝ քայլ առ քայլ, պատասխանատվությամբ ու կարգապահությամբ։ Մեր հորդորը պետական համակարգին՝ չսահմանափակվել խորհրդանշական գործողություններով, այլ ձևավորել մի քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի իրական վերափոխմանը՝ ներսից դուրս, շրջակայքից՝ ներս։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀ-ն իսկը ԵՄ-ի թեկնածու է՝այնտեղ էլ են նախաձեռնում այլընտրաքային կուսակցություններին օրենքից դուրս հայտարարել՝կուս ղեկավարին կալանել՝ծերերին մեղադրել իշխանազավթման մեջ. եւ այլն՚եւ այլն։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30