Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն առաջարկել է շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Հունաստանում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ

Հունիս 30,2025 17:26

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։

Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև գործում է դեռևս 2000 թվականի նոյեմբերի 21-ին Աթենքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագիրը, բացի այդ, 2018 թվականի հուլիսի 3-ին երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, Հայաստանը Հունաստանի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Հունաստանի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Հունաստանում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:

Հունաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը:

Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30