Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը:
Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն:
Կարդացեք նաև
Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը:
Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:
Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ». «Մեր երկրում կան երևույթներ, որոնք մենք անընդհատ հանդուրժում ենք, և որոնք չես տեսնի աշխարհի ոչ մի այլ երկրում։ Օրինակ` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում՝ արտահայտելով ամենաարմատական հայացքները, ՀՀ քաղաքացիներին ինչ–որ կոչերով հանդես գան, սահմանադրական կարգը տապալելու կոչեր հնչեցնել։ Սա աներևակայելի ու անթույլատրելի բան է։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, անհրաժեշտության դեպքում պետք է օրենսդրական փոփոխություններ անենք ՝ նման դեպքերին արձագանքելու համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: