Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույս» հիմնադրամի հետազոտությունն արձանագրում է արդյունաբերության և արտաքին առևտրի անկման խոշոր ցուցանիշներ

Հունիս 30,2025 18:24

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի շնորհիվ։ Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է՝ հասնելով 10.4 %-ի, իսկ արագացման չափը համադրելի է նախորդ տարվա աճի տեմպի դանդաղման չափի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսությունում կան արագ աճող ճյուղեր, մասնավորապես ծառայությունները և շինարարությունը, որոնք, անկախ բազայի դրական էֆեկտի ազդեցությունից, արագացնում են աճի տեմպը։
  • Մտահոգիչ է մնում արդյունաբերության և արտաքին առևտրի դինամիկան։ Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման պարագայում արձանագրվում են անկման խոշոր ցուցանիշներ, որոնց մեղմման տեմպը բավական դանդաղ է։ Վերջինս խոսում է տնտեսական աճ ապահովող գործոնների գրեթե բացակայության մասին։ Արտահանման խոշոր անկումը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ, հետևաբար այն պետք է այնքան էլ մտահոգիչ չլիներ։ Սակայն խնդրահարույց է այն, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 0.7 %: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճը այդքան ցածր է, որն էլ վկայում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
  • Գնաճն արագանում է բավական բարձր տեմպով։ Մայիսին 12-ամսյա գնաճի տեմպն արագացել է 1.1 տոկոսային կետով՝ հասնելով 4.3 %-ի, որն էականորեն բարձր է կենտրոնական բանկի նոր՝ 3±1 % թիրախից։ Ընդ որում, կենտրոնական բանկի թիրախը կետային է, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն ձգտելու է գնաճը հասցնել 3 %-ի, այլ ոչ թե պահպանել 2-4 % միջակայքում։ Այս պայմաններում, եթե գնաճի տեմպը շարունակի արագանալ, ապա ԿԲ-ն ստիպված կլինի անցնել դրամավարկային քաղաքականության խստացմանը՝ տոկոսադրույքների բարձրացման միջոցով, ինչն առավել կբարդացնի տնտեսության վիճակը։
  • Վարկերի աճի տեմպն ավելի է արագացել։ Բնակչությանն ուղղվող՝ հիպոթեքային և սպառողական վարկերը մայիսին աճել են համապատասխանաբար 42.7 %-ով և 37.9 %-ով, ինչը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության, աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների ցածր աճերը։ Այս զարգացումների շուրջ ֆինանսական համակարգում ձևավորվում են ռիսկեր, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30