Լրահոս
Օրվա լրահոսը

«Դադարեցրե՛ք հալածանքը Միքայել Սրբազանի նկատմամբ»․ Շիրակի մարզի տարբեր համայնքներում հավատացյալները սկսել են ստորագրահավաք

Հունիս 30,2025 19:07

Երեկվանից սկսվել է ստորագրահավաք՝Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հալածանքները դադարեցնելու ու նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Ստորագրահավաքի տեքստում գրված է․

«Հայտարարություն․

Մենք` ներքոստորագրողներս, հանդիսանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետևորդներ: Մենք, տարբեր սոցիալական ծագման, կրթական ցենզի, քաղաքական հայացքների տեր մարդիկ ենք: Մեր գերագույն նպատակը և մղումները ուղղված են Հայ եկեղեցու` որպես մեր հոգևոր ազգային արժեքի պահպանմանը:

Մեր` Շիրակի մարզի հավատացյալների կյանքի ճանապարհին հոգևոր ուղեկցող է հանդիսացել Շիրակի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև Մարդ, ով անտարբեր չի եղել ոչ մեկի խնդրի ու հոգսի նկատմամբ: Սրբազանը ցանկացած հավատացյալի հոգևոր հայրն է եղել և կա, նրա միակ նպատակն ու ծառայությունն ուղղված է եղել իր հոտի պաշտպանությանը, հոգևոր դաստիրակությանը և Հայ Առաքելական եկեղեցու սկզբունքների պաշտպանությանը;

Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի. Սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել ՀԱԵ-ի նկատմամբ: Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների, մեր պատմական հիշողության, մեր հավատքի: Այսօր նա հալածվում է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտպանել է մեր հավատքը:

Մենք կոչ ենք անում բոլոր հավատացյալներին, մտավորականներին, ականավոր գործիչներին, եկեղեցիների համաշխարհային խորհրդին, արտերկրում գործող և ապրող մեր հայրենակիցներին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի:

Պահանջել իշխանություններին ազատ արձակել Սրբազանին և դադարեցնել նրա նկատմամբ հալածանքը»:
Երեկ Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք» եկեղեցում միասնական աղոթքի ժամանակ ականատես եղանք, թե ինչպես հավատացյալները ձեռքից ձեռք էին խլում տեքստը՝ ստորագրելու համար։ Այնուհետ այն տեղադրվեց սոցիալական ցանցերում, որտեղ ևս սկսվեց ակտիվ ստորագրահավաք։

Միքայել Սրբազանի փաստաբան Թամարա Յայլոյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է մտահղացել նման բովանդակությամբ հայտարարության տեքստ գրելը։

«Ինձ մոտ եկան մի քանի կանայք, ասացին՝ իմացել են, որ Սրբազանի փաստաբանն եմ, ուզում են օգնած լինել Սրբազանին, ստորագրահավաք լինի, որին կմիանան Շիրակի թեմի բոլոր հավատացյալները։ Փաստաթուղթը կներկայացնեն կառավարությանը ու Սրբազանի փաստաբանական խմբին, որ տանեն դատարան ու համոզվեն, թե ինչպիսի մարդ է Միքայել Սրբազանը, կպահանջեն ազատ արձակել կալանքից։

Իրենք իրենց բառերով ներկայացրեցին, ես ասացի՝ այդպես երկար չի կարելի շարադրել, եկեք ես հակիրճ ձևակերպեմ ձեր մտքերը, կարդացեք, եթե գտնում եք, որ հարմար է, անենք։

Կարդացին, հավանեցին, ասացին՝ եկեղեցում ժամը 17․00-ին Սրբազանի համար պատարագ է, գնանք, հավատացյալներին տեքստը ցույց տանք, եթե ցանկանում են, թող ստորագրեն։

Գնացինք, երիտասարդներ մոտեցան, վերցրեցին տեքստը, սկսեցին բաժանել, ցույց տալ մարդկանց, նրանք կարդացին, ստորագրեցին։

Շատերն ասում էին՝ եթե Սրբազանի համար է, չենք էլ կարդա, ինչ էլ գրած լինի, կստորագրենք, ես էի պնդում՝ որպես իրավաբան, ասում էի՝ ո՛չ, կարդացեք, նոր ստորագրեք։ Սրբազանի համար է, գուցե այնպիսի տողեր լինեն, համամիտ չլինեք։

Հիմնականում կարդում էին, բայց եղան մարդիկ, որ ասին՝ Սրբազանի ազատ արձակման համար է, ստորագրում ենք ու վերջ։

Ես խնդրեցի, որ գրեն նաև իրենց հեռախոսահամարները, որպեսզի չստացվի, թե կեղծ ստորագրություն է դրված, գուցե անհրաժեշտություն լինի, զանգեն ճշտելու, պատրաստ եղեք՝ կարող են ձեզ զանգեն, հարցնեն՝ իրականում դուք եք ստորագրել, թե դուք չեք ստորագրել։

Մեծ սիրով պատրաստ էին հեռախոսահամարները գրելու։ Թուղթը քիչ էր, 2-3 թուղթ էինք վերցրել, բայց մարդիկ մոտենում էին, ասում՝ մենք էլ ենք ուզում ստորագրել, Շիրակի թեմի աշխատակիցներն ու թեմի երիտասարդաց խմբից երիտասարդները վերցրեցին տեքստը ու որոշեցին թողնել Շիրակի թեմում, ով ուզի, գնա, ստորագրի։

Եկեղեցում ինձ մարդիկ մոտեցան՝ խնդրելով, թե տեղադրեք նաև ձեր ֆեյսբուքյան էջում, մենք բոլորս ձեզ ճանաչում ենք, կմտնենք այնտեղ, կստորագրենք ու մեր կարծիքը կհայտնենք, ուզում ենք Միքայել Սրբազանը կալանքից ազատվի և գա իր հոտը ղեկավարի։

Եկեղեցում իրոք ձեռքից ձեռք էին խլում թղթերը, կես ժամում 200 հոգի մարդ ստորագրեց, ասում էին կուղարկենք կառավարությանը ու փաստաբաններին, որ ներկայացնեն դատարան, տեսնեն ինչքան սիրված ու հարգված մարդ է Սրբազանը։

Երեկվա դրությամբ 400 անձ ստորագրել էր, բայց առավոտյան զանգեր ստացա Շիրակի մարզի այլ համայնքներից, ասում եին, որ ուզում են գալ, տեքստը տանել, իրենց համայնքներում էլ ստորագրեն»։

Փաստաբան Թամարա Յայոլյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ մարդիկ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, կուսակցական պատկանելությունից, երեկ եկել էին Միքայել Սրբազանի համար աղոթելու։

«Ես զգացի, որ իրենց քաղաքական որևէ բան չէր հետաքրքրում, իրենց հետաքրքրում էր Սրբազանի անձը՝ որպես թեմի առաջնորդի, իրենք այնքան շատ էին սիրում, որ ասում էին՝ առանց կարդալու էլ պատրաստ ենք ստորագրել, ինչ էլ գրված լինի այնտեղ․ մենք պատրաստ ենք ստորագրելու մեր Սրբազանի համար։ Երբ պնդում էի, թե կարդացեք, կարդում, ասում էին՝ մեր ցանկությունները գրված են, ինչպես որ մենք էինք պատկերացնում»։

Թամարա Յայոլյանը նշում է, որ ստորագրելուց բացի, մարդիկ մոտենում էին իրեն ու հարցնում ՝ ուրիշ ինչո՞վ կարող են օգնել Սրբազանին։

«Ասում էին միայն ասեք էլի, ինչո՞վ կարող ենք օգնել, մեր ազգականներով, բարեկամներով, ծանոթներով, եթե կարող ենք այլ բան անել, տեղյակ պահեք, պատրաստ ենք։

Շատերն ասում էին՝ գնանք Երևան՝ կառավարության շենքի մոտ, ես ասի՝ երևի թե այդպիսի բաների կարիք չկա․ հուսամ, որ դատավորներն արդար կգտնվեն, գործն արդար կքննվի, արդարությունը կվերականգնվի»,-փոխանցեց Թամարա Յայլոյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30