Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չի, դա բարդ մեծ համակարգ է». Անդրանիկ Քոչարյան

Հունիս 30,2025 19:25

– Այս ամենը օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում է  տեղի ունեցել: Համոզված եմ, որ սա կկանխի նմանատիպ մտադրությունները: Ցանկացած մեկի գլխում, եթե այսպիսի բան կա, այլեւս չի լինի այդ գլխում: Բոլորը հասկացան՝ ՀՀ իրավապահ համակարգը օպերատիվ տնտեսությամբ այս պահի դրությամբ վերահսկում է նման  ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը: Շատերը հիմա ասում են՝ ինչո՞ւ հիմա, որովհետեւ վաղը ուշ է  լինելու. այդ տրամաբանությամբ: Համեմատություն եմ արել հոկտեմբերի 27-ի հետ: Եթե 26-ին ԱԱԾ-ն բացահայտած լիներ, որի հնարավորությունը ունեցել է եւ դա քննությամբ է  ապացուցված, ապա… Դատաքննության ընթացքում էլ հնարավորություն չտվեցին այդ հատվածը ներառվի,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սրբազան պայքարի» անդամներին վերագրվող արարքների բացահայտմանը՝ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե դեռ իրավական գնահատական  չի տրվել, բայց իշխանությունը որակում է  ահաբեկչություն, պարոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Իսկ դուք որպես ի՞նչ եք որակում, որպես բարեգործությո՞ւն: Դատարանի որոշումը չէ խնդիրը: Երբ որ օպերատիվ իրողությունները տանում են դեպի գործողության, կանխվում է մի բան: Չպետք է կանգնենք, սպասենք, որ դատարանի որոշմամբ այդ գործողությունները լինեին: Երկու հոգու գնդակահարեին, ճանապարհները պարալիզացնեին ու քաոս ստեղծեին… պետք է  ուրախանաք, որ այդպիսի բաները մեր երկրում կանխվում են»:

Հարցին՝ Մայր Աթոռ ինչու էին այդքան մեծ քանակի ԱԱԾ ծառայողներ ու ոստիկանական ուժեր ուղարկվել, ի՞նչ կար այնտեղ, որ իշխանությունը չէր կարողանում վերցնել, Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. «Եթե հիշում եք դրանից առաջ Սամվել Կարապետյանի հետ կապված խնդիր կար, քրեական գործ կար: Ոստիկանական ուժերը գործողություններ չէին անում: Տան դիմաց հավաքված էին բազմաթիվ առողջ տղամարդիկ, սպորտային կեցվածքով, աթոռի վրա նստած էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ դոնի կեցվածքով: Այդպես չի լինում ու ասում էր թող գան վրայովս անցնեն: Բայց ինչո՞ւ պետք է  քո վրայով անցնեն:  Քրեական հետախուզության պետը՝ պարոն Վարդանյանը գնաց ու համեստ մեքենայով ասեց՝ եկեք, ու նա գնաց: Պետությունը, եթե ունի իրավական գործողություն անելու իրավասություններ, պետք է անի: Ի՞նչ տեղի ունեցավ եկեղեցում, դա կարող է մի քիչ ավելի բուռն գործողությունների վերածվեց, բայց հաղթեց առողջ բանականությունը: Հոգեւորականը գնաց ու ներկայացավ քննչական մարմիններին, իսկ չգնալն ի՞նչ այլընտրանք ուներ»: Անդրադառնալով Փաշինյանի կողմից վեհարանն ազատելու կոչերին՝ պարոն Քոչարյանը շարունակեց.

-Եկեղեցին էլ ունեցել է շատ ծանր օրեր սովետական տարիներին,  մենք ունեցել ենք վեհափառ, որը մահացել է, որը պետք է չմահանար, այդպիսի իրողություններ են էլ են եղել։ Կարևորը եկեղեցու առողջացման մեջ պետք է տեսնել։ Դուք հարցնում եք՝ Վեհափառը պետք է գնա, թե՞ չգնա, դա եկեղեցու որոշելիքը կլինի, բայց եկեղեցին էլ պետք է շարժվի իր իրավական համակարգի տրամաբանությամբ և պահանջով։

Վերջերս նաև գուցե եկեղեցական շրջանակներից աթոռանիստ միջավայր են ուզում փոխել։ Դա ի՞նչ է, դա պառակտման ամենակարճ ճանապարհն է։ Վերջին հաշվով եկեղեցին էլ մեծ ֆինանսական կոնգլոմերատ է, դուք միայն մոմն եք տեսնում: Այնտեղ կան շահեր, այնտեղ մեծ չհարկվող գումարներ կան շրջանառության մեջ, բայց խնդիրը գումարի մեջ չի, խնդիրը բովանդակության մեջ է։ Պետք է եկեղեցում եկեղեցականները, որտեղ նաև փայլուն կրթություն ստացած հոգևորականներ կան, որոնք ուզում են հոգևոր արժեքների ճանապարհով շարժվել, նրանք էլ պետք է նպաստեն եկեղեցու առողջացմանը։ Դուք մենակ կուսակրոնություն եք տեսնում, կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չի, դա բարդ մեծ համակարգ է, որի նպատակները ի սկզբանե, որ դրված են եղել, չի պահվում։ Հիմա կամ պետք է իրենք իրենց մեջ ուժ գտնեն, այդ խնդիրը լուծեն, կամ պետք է Եկեղեցին դարձնեն այնպիսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ եկեղեցին կարելի է ենթարկել ուժային միջամտության,- ասաց Քոչարյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30