«Սրա պատճառը քաղաքականությունն է»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մի կողմից լրագրողական հանրության ներկայացուցիչներն ահազանգում են մամուլի ազատության հետընթացի մասին, մյուս կողմից լրագրության ոլորտում արտաքին ազդեցությունների աճի մասին, այսպես պատասխանեց էստոնական Delfi խոշորագույն լրատվական պորտալի լրագրող Մարթա Վունսը։
Նշենք, որ Delfi-ի անկախ լրատվական հարթակը ծածկում է Էստոնիայում լսարանի մոտ 40 տոկոսը։ Մարթա Վունսը մեզ հետ զրույցում ասաց՝ աշխատում է հետաքննական և փաստերի ստուգման թիմում․ «Իմ լուսաբանման և հետաքննությունների հիմնական թեման Ռուսաստանն է և ռուսական ազդեցությունը Էստոնիայում, բալթյան երկրներում և Եվրոպայում։ Անդրադառնում եմ նաև Էստոնիայում ռուս փոքրամասնություններին վերաբերող հարցերի»։
Ըստ Մարթա Վունսի՝ համաշխարհային մակարդակով քաղաքական ուժերն ավելի ու ավելի բռնատիրական են դառնում, ժողովրդավարական ուժերն էլ իրենց հերթին են հետընթաց գրանցում․ «Ցավոք, ժողովրդավարության հետընթացին զուգահեռ հետընթաց է ապրում նաև մամուլի ազատությունը։ Իրականում սա կապված է միջազգային քաղաքականության հետ, ինչպես նաև արտաքին ազդեցությունների։ Որպես փոքր եվրոպական երկիր, օրինակ՝ մեզ վրա մեծ է ռուսական ազդեցությունը, ավելի ու ավելի նկատելի է դառնում նաև Չինաստանի ազդեցությունը։ Իմ կարծիքով՝ նաև քաղաքացիներն իրենք պետք է հետամուտ լինեն, թե ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ, ինչպես նաև լրագրողների և քաղհասարակության աշխատանքն է պայքարել արտաքին ազդեցության դեմ։ Կարևոր է արտաքին ազդեցությունը նկատել, հետաքննել և ներկայացնել իրավապահներին, որպեսզի լրագրողական հետաքննությունից բացի լինի նաև իրավական հետաքննություն։ Կարևոր է նաև ունենալ համարժեք իրավական բազա»։
Մարթա Վունսի հետ զրույցում հիշեցրինք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը « Delfi AS-ն՝ ընդդեմ Էստոնիայի» դատական գործի վճռով սահմանել է, որ կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար, որոնք պարունակում են վիրավորական արտահայտություններ և փաստեցինք՝ ՀՀ-ում էլ արդարադատությունը նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է համացանցից հեռացնել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները, որը նաև ներկայացվում է՝ որպես «ֆեյքերի դեմ» պայքար և հարցին՝ ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ նախադեպ կարող են լինել սրանք, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ հարթակների, լրատվամիջոցների գործն է մոդերացնել իրենց հարթակների՝ մեկնաբանությունների բաժինը, քանի որ եթե ինչ-որ մեկը տարածում է քարոզչական նյութեր կամ անօրինական տեղեկատվություն, անպայման մամուլի կազմակերպության դերակատարությունն է հեռացնել դրանք։ Բայց լրատվամիջոցին պատժել դրանք չհեռացնելու համար, կարող է ոչ միանշանակ մեկնաբանվել, որովհետև եթե դա անօրինական տեղեկատվություն է, պետք է հեռացնել, բայց եթե դա կարծիք է, լրատվամիջոցն ինքը պետք է այն մոդերացնի։
Այդ՝ այսպես կոչված «ֆեյքերի մասին» օրենքները նման են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքներին, որոնք անկախ լրատվամիջոցների դեմ սահմանափակումներ են, օրինակ՝ դիմելու միջազգային դրամաշնորհների, ինչը ամենևին լավ չէ։ Կամ ո՞վ է որոշում՝ որն է ֆեյք՝ կառավարությո՞ւնը, դատարա՞նը, ինչի՞ հիման վրա։ Սա նուրբ ոլորտ է։
ԵՄ-ն ևս պայքարում է ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ, բայց ապատեղեկատվության դեմ պայքարում են՝ անկախ լրատվամիջոցներին խրախուսելու եղանակով, նաև ճնշում գործադրելով սոցիալական մեդիայի խոշոր կազմակերպությունների վրա, որոնք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում այն բովանդակության համար, որը տարածում են։ Ուստի վատ միտում է ներդնել օրենքներ՝ ընդդեմ այսպես կոչված ֆեյքերի, քանի որ դա նաև ազդում է անկախ լրատվամիջոցների վրա։ Օրինակ՝ եթե դու մի հրապարակում ես անում, որը կառավարության սրտով չէ, նրանք կարող են ասել, որ դա ֆեյք է պատժել դրա համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ