Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում է Հայաստանի իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական եկեղեցու, հասարակական հայրենասիրական կառոյցների եւ ընդհանրապէս ընդդիմադիր շարժման դէմ շարունակուող ճնշումները։ Յունիսի 25ին, ՀՅԴի առնուազն տասնչորս անդամների, այդ թւում՝ ՀՅԴ Հայաստանի Ուսանողական միութեան ներկայացուցիչների եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի ձերբակալութիւնը, «բռնի պետական յեղաշրջման փորձի» անհիմն մեղադրանքով, վկայում են իշխանութեան կողմից հայոց հիմնարար հաստատութիւնների նկատմամբ համակարգուած յարձակման գործընթացի նոր եւ վտանգաւոր սրացումների մասին։
Քաղաքական նպատակներով իրականացուած ձերբակալութիւնները հետեւանքն են տարիներ շարունակուող իշխանութեան ապազգային քաղաքականութեան ու ազգային շահերի դէմ դաւաճանական քայլերի նկատմամբ հանրային խաղաղ բողոքների եւ աճող դժգոհութեանը։ Իշխանութեան ներկայացրած հիմնաւորումները, որոնք հիմնուած են կասկածելի հեռախօսային գաղտնալսումների, օրինական զէնքերի առկայութեան եւ անորոշ ժամանակագրութեան վրայ, անհաւաստի են եւ նպատակ ունեն վարկաբեկել ազգային փրկութեան շարժումը։ Այն հանգամանքը, որ այսպէս կոչուած մեղադրանքները վերաբերում են 2024 թուականի ամրանը, սակայն դրանք բարձրացուել են միայն այսօր՝ հանրային դժգոհութեան աճի պայմաններում, աւելի է խորացնում դրանց անհաւաստիութիւնը։
Իրավիճակը յատկապէս սրուեց Յունիսի 27ին, երբ Ազգային անվտանգութեան ծառայութեան գործակալները փորձեցին Էջմիածնում ձերբակալել Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին։ Նրանք հանդիպեցին հոգեւորականների եւ հաւատացեալների ինքնաբուխ դիմադրութեանը, ովքեր ֆիզիկապէս արգելափակեցին գործողութիւնը՝ առաջացնելով լարուածութիւն եւ բախումներ։ Հազարաւոր ուժայիններ շրջափակեցին Մայր Աթոռը, բայց 30 րոպէ անց հեռացան, վերադառնալով նոյն օրը, երբ Աջապահեանը կամաւոր ներկայացաւ հարցաքննութեան։ Նրա նկատմամբ յարուցուած «բռնի իշխանափոխութեան կոչ» կատարելու մեղադրանքը, որի հիմքում դրուած են իբրեւ թէ 2024 թուականի Փետրուարին արուած յայտարարութիւններ, նոյնպէս դրսեւորում է յետաձգուած եւ քաղաքականացուած գործի բնոյթ՝ ինչպիսին է նաեւ Գալստանեանի գործը։
Ձերբակալութիւններից բացի, ակնյայտ է ընդլայնուող պատկերը՝ Հայ եկեղեցին, մասնաւորապէս նրա հոգեւոր առաջնորդներին, հեղինակազրկելու եւ ազգային ընդդիմադիր ուժերին, մասնաւորապէս ՀՅԴին, լռեցնելու նպատակով։ Այս գործողութիւնները ռազմավարական են եւ նպատակ ունեն ներսից թուլացնել հայկական պետութիւնը՝ թիրախաւորելով այն հաստատութիւնները, որոնք պատմականօրէն պահպանել են հայ ժողովրդի ոգին, ինքնիշխանութիւնը եւ գոյատեւումը։
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ, ՀՅԴն դարձել է Փաշինեանի վարչակարգի նպատակայարմար թիրախը։ Կուսակցական գրասենեակների ապօրինի խուզարկութիւններից եւ կեղծ մեղադրանքներից մինչեւ լրատուական զրպարտանքներ, իշխանութիւնը դիտարկում է ՀՅԴն ոչ իբրեւ քաղաքական մրցակից, այլ արտերկրից թելադրուող իր օրակարգի հիմնական խոչընդոտը։ Այս ճնշումները առաւել սրուել են կառավարութեան կողմից դաւաճանաբար Արցախը յանձնելու, Ադրբեջանին արուած զիջումներին եւ արտաքին ուժերին ենթարկուելուն զուգահեռաբար։ Ժողովրդավարական երկխօսութեան փոխարէն, իշխանութիւնը փորձել է չէզոքացնել Դաշնակցութեան ներկայութիւնն ու ազդեցութիւնը՝ սպառնալիքների, զրպարտութեան եւ բիրտ ուժի միջոցով։
Ճնշամիջոցները տարածուել են նաեւ Սփիւռքի հայկական կառոյցների դէմ, որոնք յանձնառու են ազգային արժէքներին։ Իշխանութեան գործակալները փորձել են պառակտել եւ հեղինակազրկել ամերիկահայ համայնքը, խաթարել ազգային եւ հասարակական կառոյցների գործողութիւնները եւ թուլացնել համահայկական կառոյցները։ Այս քայլերը ուղղուած են եղել համաշխարհային հայութեան համերաշխութեան եւ ազգային միասնութեան համար տարիներ եւ սերունդներ աշխատած կառոյցների դէմ:
Այսօր նոյն բռնաճնշման գործիքակազմը գործածւում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դէմ։ Հոգեւորականների ձերբակալութիւններով, կաթողիկոսին զրպարտելով եւ Եկեղեցու հեղինակութիւնը թուլացնելով՝ վարչակարգը նպատակ ունի վերացնել իր օրակարգին դիմակայող բոլոր ազգային, բարոյական եւ կազմակերպական ու կառուցային դիմադրութիւնը։ Եկեղեցին եւ ՀՅԴն՝ հայկական պետականութեան երկու պատմական սիւները, այսօր թիրախաւորուած են մի իշխանութեան կողմից, որը այլեւս չի էլ ձեւացնում, թէ ծառայում է հայ ժողովրդին։
Այս մարտավարութիւնը կրկնում է Անկարայի եւ Բաքուի վաղեմի նպատակները՝ խաթարելու հայկական պահանջատիրութիւնը, ջնջելու մեր պատմական յիշողութիւնը եւ պառակտելու մեր միասնականութիւնը։ Այսօր այդ նպատակներն առաջ են տարւում ոչ թէ արտաքին թշնամիների, այլ Երեւանի ներկայ իշխանութեան կողմից։
Մենք պահանջում ենք անյապաղ ազատ արձակել արքեպիսկոպոսներ Գալստանեանին, Աջապահեանին եւ բոլոր անօրինաբար ձերբակալուածներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ վերականգնել բոլոր հայ քաղաքացիների սահմանադրական իրաւունքները։
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանը կանգնած է հայ ժողովրդի կողքին եւ կոչ է անում բոլորին միաւորուել այս վտանգաւոր միտումների դէմ՝ վերահաստատելով մեր յանձնառութիւնը ազատ, անկախ եւ արդար հայրենիքի նկատմամբ։
ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ