«Ես որևէ քրեակատարողական հիմնարկում չեմ կարող հայտնվել, չեմ կարծում՝ դրանք համեմատության եզրեր են։ Ես կամ իմ ընկերները որևէ քրեակատարողական հիմնարկում չենք կարող հայտնվել։ Խոսքը ահաբեկչական ակտը կանխելու մասին է։ Որևէ մեկին կարող եմ բարևել, ասել՝ ընկեր ջան, այդ ընկեր ջանը համեմատում եք ահաբեկչական պլանի հե՞տ։ Մենք նման խոսակցություններ չենք ունենում, քանի որ նման խոսակցությունների նպատակ չկա»,- հարցին՝ եթե Ձեր խոսակցություններն էլ ձայնագրվեին իրավապահների կողմից և համատեքստից դուրս ներկայացվեին, հիմա Դուք ո՞ր քրեակատարողականում կլինեիք, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Լրագրողները հիշեցրին՝ 2016-ին, երբ «Սասնա ծռերը» ՊՊԾ գունդը գրավեցին, Նիկոլ Փաշինյանն այդ գործողությունները չէր որակում ահաբեկչական, մինչդեռ դա, ըստ էության, արդեն կայացած փաստ էր․ ոստիկաններ սպանվեցին, Ռուստամ Բաքոյանն արձագանքեց․ «2016-ի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք։ Դրանք կազմակերպված գործողություններ են եղել օրվա իշխանությունների կողմից և ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության որոշակի պրոցեսներ գեներացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը որևէ գործընթացից տեղյակ լինել չէր կարող և որևէ պրոցեսի մաս չի կազմել։ 2025-ի կազմակերպված գործընթացը պետք է համեմատվի և համեմատելի են 1999-ի հոկտեմբերի 27-ի հետ»։
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայհոյանքներ այլևս չի հնչեցնելու և հարցին՝ ինչո՞ւ փոխեց իր դիրքորոշումը, ինչո՞ւ որոշեց կիրթ դառնալ, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ։ Դուք շատ լավ գիտեք, որ երբ վարչապետը կիրթ է, կիրթ դառնալ կամ ձևանալ հնարավոր չէ տվյալ պահին։ Եթե մարդու ընտանիքին պարբերաբար կպնում են, և ինչ-որ պահից սկսած մարդը արձագանքում է դրանց, և դրա համար նրան սկսում են քննադատել, կարծում եմ, դա ընդունելի չէ»։
Հարցին՝ Ձեզ չի՞ հուզում ԱԱԾ-ի՝ Վեհարանի վրա գրոհը, ՔՊ-ական պատգամավորն այսպես պատասխանեց․ «Որևէ հարձակում որևէ տեղում՝ այդ թվում եկեղեցու վրա չկա։ Կա հարց պայմանավորված մի շարք հոգևորականներով, որոնք հեղաշրջման կոչեր են արել, պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել։ Կան գործիչներ, ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ։ Տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային