Հատված Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ զրույցի եզրափակիչ մասից:
-120 հազար արցախցի մուտք գործե՞ց ՀՀ: Նրանցից քանի՞սն են ՀՀ- ում: Կա՞ վիճակագրություն:
-Եթե խոսքը 2023 թվականին մուտք գործածների մասին է, 115 հազար է:
115 հազարից 16 հազարը լքել է, մեծ մասը ՌԴ է մեկնել՝ աշխատանքի, ավելի լավ սոցիալական պայմանների համար:
Կարդացեք նաև
– Դա կորա՞ծ զանգված է:
-Չեմ կարծում: Կորած զանգված են ԱՄՆ, Եվրոպա մեկնածները, որոնց, ցավոք սրտի, հետ բերելն անհնար է լինելու: Կա ծրագիր Հունգարիա տանելու: Տեղահանված ընտանիքներին տեղափոխում են, մեկ տարով ամբողջական ապահովում:
–Քանի՞ հոգի է օգտվել այդ ծրագրից:
-Եթե չեմ սխալվում, տարվա վերջում իրենց պլաններով պիտի 300- ի հասցնեին: Վստահ չեմ՝ 300 հոգի են, թե՞ 300 ընտանիք:
–Հունգարիա գնում են վստահելո՞վ Հունգարիայի այն իշխանություններին, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ալիեւին:
– Իմ տեղեկություններով, ծրագիրն իրականացնում է քրիստոնեական կազմակերպությունը, շահագրգիռ լինելով, որ Հունգարիայում ավելանա քրիստոնյաների թիվը:
–Հայերը շատ վաղուց են հաստատվել Հունգարիայում, խոսքը նրանց մասին չէ: Արցախցին չունի՞ այն հիշողությունը, որ ի վերջո այս վայրում էր, որ սպա Գուրգեն Մարգարյանին գլխատեց Ռամիլ Սաֆարովը, Ալիեւը գնեց նրան Հունգարիայի վարչապետ Օրբանից, որն այսօր էլ պաշտոնավարում է: Չունե՞նք հիշողություն, երդում, որ այդ երկրում չենք կարող հանգիստ գտնել, մանավանդ Հունգարիան ներում չի հայցել ՀՀ-ից, մեր ժողովրդից:
-Անհատական որոշման հարց է, չեմ կարծում, թե այնտեղ տեղափոխվողները դրա մասին չեն հիշում, երեւի ավելի թեթեւ կյանքի հետեւից են գնում:
–Իրավունք ունե՞նք այդպես ապրելու:
-Եթե գտնեի, որ դա է ճիշտ ապրելաձեւը, միգուցե ես էլ մի տեղ գնայի, բայց քանի դեռ մնում եւ պայքարում եմ, նշանակում է, որ ես այդ արժեքի կրող չեմ: Բոլորը մեծ-մեծ խոսում են: «Արցախ, Արցախ» են ասում, բայց իրական հողի վրա որեւէ մեկն աջակցություն չի ցուցաբերում: Կազմել եմ ծրագրեր, դիմել տարբեր հիմնադրամների, շահագրգռված չեն:
–Նախկին երկու նախագահներն ի՞նչ են անում: Իրենց գրպանը բա՞ց են անում ձեր կարիքների համար:
-Ճիշտ եք ասում: Առաջինն իրենք պիտի շահագրգիռ լինեին: Ոչ միայն իրենք, այլեւ ծագումով արցախցի գործարարներ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ դրսում: Չեմ տեսնում նրանց ակտիվությունը: Կարծես թե Արցախի գաղափարը պահպանելու բեռը մնացել է մի քանի հոգու ուսերին: Չեմ կաշկանդվում դրա մասին խոսել: «Արցախ» հեռուստաընկերությունն էլ ԼՂ ներկայացուցչության այս շենքում: Մենք ի՞նչ գաղափար դրեցինք դրա մեջ՝ հնարավորինս հեռու պահել հայաստանյան ներքաղաքական գզվռտոցներից, Արցախի պահպանման, Արցախի պաշտպանության, արցախցիների խնդիրների մասին բարձրաձայնել: Հեռուստատեսությունը պահպանման խնդիր ունի: Արցախի ՄԻՊ գրասենյակը՝ թեկուզ փոքրացված կազմով նույնպես: Ինչո՞ւ պիտի այդպես լինի: Չէ՞ որ կարեւոր է պետական ինստիտուտներին աջակցությունը: ԼՂՀ ներկայացուցչության շենքում տեղակայված են՝ նախագահը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը , «Արցախ» հեռուստաընկերությունը: Եթե այս հաստատությունում 15 մշտական աշխատող լինի, վստահ եմ, թե՛ դրսում, թե՛ ներսում արցախցիների իրավունքների պաշտպանության առումով աշխատանքի արդյունքն ահռելի մեծ կլինի: Ոչ միայն պետական ինստիտուտներն են այդ խնդրի առջեւ: Եթե սփյուռքում կլինեն մարդիկ, որ կուզենան արցախյան ՀԿ-ներին հզորացնել, դրանով Արցախի ձայնը կհզորացնեն:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































