«Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4,8 դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը զրո է։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ-ը կամ նմանօրինակ կառույցները ազգայնացվում են։ Որտեղ ազգայնացվել է, թանկացում է տեղի ունեցել անխտիր»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀԷՑ-ի պետականացման նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ին ձեռնտու է, երբ ՀՀ-ն եւ Փաշինյանն աշխարհում հանդես են գալիս որպես Եկեղեցու դեմ պայքարողներ, Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, Էջմիածնի վրա հարձակվողներ, Եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ։
«Սիրելի քաղաքացիներ, նույնիսկ ֆեյսբուքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինել ֆեյսբուքյան օգտատեր եւ բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրեն հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Մի բան լավ հիշեք՝ ՀՀ-ում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել՝ դա վարչապետի աթոռն է»,- ասաց Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում ասաց․ «Իշխանության նախաձեռնած «խլելը նորաձեւ է» օպերացիան բազմերանգ դրսեւորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, եւ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար: Թեև օրվա թնջուկի կենտրոնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության՝ Մայր Աթոռի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմի հետ: Ավելին՝ սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը՝ որպես անվիճելի հեղինակություն, առաջին պլան է բերվում՝ մյուսներին ազդանշան ուղարկելու առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Աբրահամյանի խոսքով՝ իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ՝ որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին, այսպես կոչված, ցանկացած խոչընդոտ՝ քաղաքական ընդդիմախոսությունից մինչեւ հանրային բողոքի ցանկացած դրսեւորում, բոլոր միջոցներով ճնշվելու է։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս նախագիծը սեփականազրկման եւ ազգային անվտանգության սպառնալիք ստեղծելուն ուղղված նախագիծ է։ «Այսօրվա իշխանությունը փաստել է, որ ինչ խոստում տվել է, ոտքից գլուխ ձախողել է։ Հիմա պարզ հարց ենք տալիս՝ ընդամենը երկու տարվա համար երաշխավորեք, որ սակագինը չի թանկանալու, եթե դուք եք կառավարելու այս համակարգը։ Բայց այս իշխանության վարքագծին հատուկ է, որ փորձում են մարդկանց արած աշխատանքը վարկաբեկել, ստեղծել մի պատկեր, որ իբրեւ հետեւողականորեն հայ ժողովրդի բարին են ուզում, իսկ այստեղ նստած չար ուժերն հակառակն են անում։ Ոչ ավել, ոչ պակաս հիմա ամբողջ համակարգը մեղադրանք է ներկայացնում իշխանության զավթման, ահաբեկչության եւ այլնի մասին։ Այն դեպքում, երբ ՀՀ-ում կա մի խումբ, որը եւ իշխանությունն է զավթել, եւ ամենօրյա ռեժիմով ահաբեկչություն է իրականացնում, դա դուք եք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հիմա էլ հերթը հասել է սեփականազրկման գործընթացներին»,- նշեց Մինասյանը։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ իր ելույթում ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետականացնելուց հետո թանկանալու է։ Նա հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե առաջիկա 50 տարվա համար սակագնի թանկացում չի լինի։
Ընդդիմադիրներին պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, նա իր ելույթում ասաց․ «ՀԷՑ-ը չեն խլում, ՀԷՑ-ը վերադարձվում է պետությանը։ Տիկին Խամոյան, ասում եք՝ սակագինը թանկանալու է։ Դուք ձեզ բախտագուշակի տեղ եք դրել, բայց այսօր այստեղից 100 տոկոսով չեք կարող եք ասել, որ էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, որակը՝ վատանալու է։ Հենց հիմա էլ էլեկտրաէներգիայի որակն էդքան էլ լավ չէ։ Եվ երբ մի հատ ուժեղ քամի է լինում,եւ քեզ թվում է, որ էլեկտրասյուները գլխիդ է ընկնելու, մի հատ գնացեք մարզերում պտտվեք, տեսեք՝ էլեկտրասյուների վիճակն ինչ է, ո՞ւր են այդ ներդրումները»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ