Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքը
«ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ»
համաժողովի բացման առիթով
(Երևան, 1 հուլիսի, 2025թ.)
Կարդացեք նաև
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Ողջունում ենք ձեզ և ուրախություն հայտնում «ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» համաժողովին ձեր մասնակցության համար:
Այս հարթակը միայն գիտակրթական քննարկման վայր չէ. այն յուրահատուկ հնարավորություն է՝ միասին անդրադառնալու մեր ժողովրդի պատմության առանցքային հարցերից մեկին՝ Եկեղեցու և պետության փոխհարաբերություններին, և ներկա մարտահրավերներին։
Հայ Եկեղեցին, իր առաքելության սկզբնավորումից ի վեր, եղել է ոչ միայն հավատքի կրողը, այլև մեր ինքնության, լեզվի, պատմության ու պետական հիշողության պահապանը։ Եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին փառքի և աղետների միջով՝ դառնալով ազգային կյանքի կազմակերպման և դիմադրության առանցք՝ մեր պատմության բոլոր փուլերում՝ միջնադարյան թագավորություններից մինչև Հայաստանի անկախ Հանրապետություն և սփյուռքյան համայնքներ։
Այսօր, երբ աշխարհաքաղաքական միջավայրն անկայուն է, իսկ մեր հայրենիքն ապրում է ներքին հասարակական բևեռացում, Եկեղեցի–Պետություն հարաբերությունների վերաիմաստավորումն այլևս զուտ ակադեմիական խնդիր չէ։ Մենք կանգնած ենք մի վճռորոշ շրջադարձի առջև, երբ հարկ է մտածել ոչ թե հակադրության, այլ՝ համագործակցության, ոչ թե վերացական առաքելությունների, այլ՝ համատեղ ու նպատակային ծառայության մասին՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և ազգային միասնության։
Այս համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները կարևոր են ոչ միայն պատմաբանների, այլև քաղաքական գործիչների և հոգևոր սպասավորների համար։
Հատկապես այս օրերին, երբ պետականության կարևորագույն հիմնախարիսխի՝ Եկեղեցու հասցեին հնչում են վիրավորական կամ կասկածի տակ դնող գնահատականներ, Եկեղեցու և նրա սպասավորների առաքելությունը մնում է նույնը՝ ծառայել Աստծուն և ժողովրդին և ամեն ջանք ի գործ դնել հանուն պետականամետ և պետականաշեն առաջնորդության և համազգային շահի հետապնդման:
Եկեղեցին չի կարող լռել, երբ վտանգվում է ազգային միասնությունը, ոտնահարվում են հոգևոր ու բարոյական արժեքները, հարված է հասցվում պատմական հիշողությանը։
Այսօրվա համաժողովը ոչ թե բաժանման, այլ հանդիպման մասին է. Եկեղեցին ճանաչելու, պետության հիմքերն ամրացնելու և ազգային միաբանությունը վերակերտելու հրավեր։
Արդյունաշատ աշխատանք և բարի ընթացք ենք մաղթում համաժողովի հարգարժան մասնակիցներին: Աստված պահապան ամենքիս:
Շնորհակալություն։