Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար». Պաշտպանների թիմ

Հուլիս 01,2025 23:10

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 1-ԻՆ

Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Ըստ դատախազության, սա վկայում է այն մասին, որ Միքայել Սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Գտնում ենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ  տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար,  և ցանկացած ոք կարող է ինքնուրույն հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․

– ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը.

– արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ.

– ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո):

Մեր համոզմամբ ,Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025 թվականի հունիսի 4-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին։ Սրանով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ դատախազությունը և  քննչական կոմիտեն Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացնում են գործընթաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»:

Նշված «հանձնարարության» հիման վրա, մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցում «հանկարծակիորեն» հայտնաբերվում են հանցագործության հատկանիշներ, որոնք, ըստ դատախազության նախկինում տրված դիրքորոշման՝ առկա չեն եղել և 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, մեր գնահատմամբ՝ միայն մեկ նպատակով, որպեսզի Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և վերջինս կալանավորվի:

Վերը նշված փաստարկի ճշմարտացիությունը ապացուցվում է նաև այն պարզ իրողությամբ, որ քննչական մարմինը,  2025թ. հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնելիս, հունիսի 21-ի հարցազրույցն է հիմք ընդունել քրեական հետապնդում հարուցելու համար: Կարծես, վարույթի հանրային մասնակիցները գիտեին, որ Միքայել Սրբազանը այնպիսի մի հայտարարություն էր կատարելու, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էր դառնալու:

Այսպիսով բացահայտ է, որ 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը չէր կարող հիմք հանդիսանալ դրանից առաջ տեղի ունեցած գործընթացների համար և  2025 թվականի հունիսի 4-ից հետո է որոշվել  ընթացք տալ  այդ հարցազրույցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ նույն օրը կատարած գրառումների հիմքով։

ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 2․

Ըստ դատախազության հայտարարության՝  2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցից մոտ մեկ տարի չորս ամիս անց՝ 2025 թվականի հունիսի 21-ին, տված նոր հարցազրույցում նախորդ հարցազրույցի մտքերի վերահաստատումը վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

Հ1-ի եթերում քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է  հետևյալը․ «Ես կարդացել եմ նաև դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ էության սպառիչ պատասխան էր: Ես կիսում եմ ամբողջությամբ էդ պատասախանը: Դատախազության պարզաբանման մեջ հենց կարմիր թելով անցնում էր, որ Միքայել Աջապահյանը նույն ըստ էության կոչը վերահաստատել է այս տարվա 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցում»:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այս առումով հարկ է նշել, որ եթե այս վարույթը սկսելու համար դատախազության ու քննչական կոմիտեի տեսանկյունից առանցքային է եղել հենց այդ հարցազրույցում հնչած մտքերի կրկնությունը, ապա ստիպված ենք հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում լրագրողի հարցին, որ ինքը 44-օրյա պատերազմի ժամանակվածից է նման հայտարարություններ անում, Միքայել Սրբազանը պատասխանել է․ «44-օրյա պատերազմի օրոք եմ ասել՝ այն ժամանակ, երբ այդ հիվանդը հարբած վիճակում ասում էր, որ որևէ մեկը չկասկածի իր գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողությանը, ես այդ ժամանակ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, (…)»։

Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել դատախազությանը և քննչական կոմիտեին այս հարցերն ուղղելու դեպքում՝

– Միքայել Սրբազանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցը քրեական վարույթ նախաձեռնելու տեսանկյունից ուսումնասիրելիս՝ չե՞ք լսել, որ այդ հարցազրույցում նա հայտնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ է ասել, որ ռազմական հեղաշրջում է պետք ։

– եթե լսել եք ու գտել եք, որ նույնիսկ այդ մտքի պարբերաբար կրկնությունը  հանցագործություն չէ, ապա ինչպե՞ս այդ նույն միտքը 2024 թվականի փետրվարի 3-ին ևս մեկ անգամ կրկնելը դրանից մոտ 1 տարի 4 ամիս անց արդեն իսկ դարձավ հանցագործություն։

Առավել ևս, որ 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը պատմում է, որ ինքը նախկինում է այդ հայտարարություններն արել,  մասնավորապես նշում է․ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի (…)»։

 

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031