Առայժմ մի կողմ եմ թողնում անցած 10 օրերի առավել շատ քննարկվող իրադարձությունները՝ վարչապետի պատրաստակամությունը՝ ցույց տալ կաթողիկոսին իր մարմնի որոշ մասերը, ընդդիմախոսների նկատմամբ անթաքույց հաշվեհարդարը, որի դրդապատճառներից է նաեւ մանր, ճղճիմ ինքնահաստատումը, Մայր աթոռի ուղղությամբ ԱԱԾ-ի ցուցադրական գրոհը եւ այլն: Գրեմ այն խնդրի մասին, որն ինձ ավելի շատ է հուզում: (Չնայած այդ խնդիրը անուղղակիորեն կապված է վերը թվարկածի հետ):
Պետությունը կարող է լինել քաղաքական ռեժիմի առումով ժողովրդավարական կամ բռնապետական (ինչպիսին որ մերն է), ուժեղ կամ թույլ, հաղթած կամ պարտված: Բայց այն չի կարող լինել «ինքնաժխտվող»: Եթե դու փաստացի հերքում ես, որ անկախ պետություն ես ունեցել, ուրեմն, մերժում ես այսօրվա պետության գոյությունը: Հենց դրանով են պետական մակարդակով զբաղվում վարչապետը եւ նրա քարոզիչները:
Խոսքն այն մասին է, որ, պաշտոնական գաղափարախոսության համաձայն, 1988 թվականի ղարաբաղյան շարժումը հրահրված էր խորհրդային ՊԱԿ-ի կողմից եւ, հետեւաբար, սխալ էր ու վնասակար: Այդ սխալի պատճառով 1991 թվականին հռչակված պետությունը «ինքնիշխան» չէր եւ իրականում Ռուսաստանի խամաճիկն էր: Միայն 2020 թվականի պարտության «շնորհիվ» մենք ձեռք բերեցինք «ինքնիշխանություն»: Տողատակերում ենթադրվում է, որ Փաշինյանն այնքան հմուտ ղեկավար էր, որ տարավ մեր երկիրը պարտության: Այ, եթե նա վատ ղեկավար լիներ, մենք կպահպանեինք Արցախը եւ կմնայինք խամաճիկ:
Դա ոչ միայն հակագիտական, հակապատմական մոտեցում է (մասնավորապես, չի ընկալվում, թե ինչ է նշանակում «ինքնիշխանություն»), ոչ միայն անհեթեթություն է, հրեշավոր սուտ է եւ հերյուրանք մեր պետության հասցեին, ոչ միայն առնվազն երկու սերնդի ապրած կյանքը, զրկանքները, պայքարն անիմաստ հռչակել է: Դա լուրջ հարված է այսօրվա պետությանը. ապալեգիտիմացնելով, «չեղարկելով» Երրորդ հանրապետությունը, մենք հիմքեր ենք տալիս դրա վերացման համար, որը մեր երկու հարեւանների նպատակն է: Կասկածի տակ դնելով Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Հայաստանի բոլոր կառավարությունների (այդ թվում՝ մինչեւ 2022 թվականի հոկտեմբերը՝ Փաշինյանի կառավարության) որոշումների օրինականությունը՝ հնարավորություն է ստեղծվում դրանք վիճարկելու ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական տեսանկյունից:
Կարդացեք նաև
…Իսկ ասել, թե իբր Լեւոնը մի բան էր ուզում, իսկ Վանոն եւ Վազգենը՝ այլ բան, մեղմ ասած, տգեղ է: Վերջիններս չեն կարող վկայություններ տալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀի խղճալի մնացորդը կը համապատասխանէ՝ “failed state” յղացքին:
Աշխարհում կան բազմաթիւ այդպիսի երկիրներ: Որոնք կը պահեն պետութեան երեւութական ձեւականութիւնը միայն, յատկապէս արտաքին յարաբերութիւններու մէջ:
Մ. Հայդուկ Շամլեան