Թուրքիայում անցկացված Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլ էր մեկնել Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցության շրջանակներում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։
Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
«Այն հնարավորությունները, որոնց մասին իշխանությունները խոսում են, Հայաստանի համար կարող են կարճաժամկետ լինել: Դրանք մեծ ռիսկեր են պարունակում, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանն Իսլամական երկրների կոնֆերանսում խոսում էին 300 հազար ազերիների Հայաստանում բնակեցնելու մասին: Եվ բնավ այստեղ խնդիրն այն չէ, որ այդ 300 հազար ազերիներն ապրելու այլ տեղ չունեն, պատճառն այն է, որ դա երկարաժամկետ ծրագրի առաջին քայլն է: Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ արդյունքում, կարող են ուսումնասիրել Կիպրոսի օրինակը, թե ինչպես Հյուսիսային Կիպրոսը պոկվեց Կիպրոսից եւ դարձավ անկախ պետություն: Պատճառաբանությունն այն էր, որ այնտեղ ապրում էին թուրքեր, իսկ Թուրքիան պարտավոր էր երաշխավորել իր ժողովրդի անվտանգությունը: Հիմա էլ 300 հազար ադրբեջանցիների մասին են խոսում, եւ նույն բանը կարող է լինել այստեղ: Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն կատարելու այնպիսի քայլեր, որոնք Հայաստանի համար օգտակար լինեն: Երբ ինձ հարցնում են` Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հաջողվա՞ծ է, թե՝ ոչ, ես չեմ կարողանում այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ, թե որն է նրա նպատակը: Եթե նրա քաղաքականության նպատակը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելն է, ապա նրա քայլերը շատ հաջողված են, հիանալի կատարում է իր առջեւ դրված նպատակը, բայց եթե այդ քաղաքականության նպատակն իբրեւ Հայաստանի Հանրապետության հզորացումն է, ապա, միանշանակ, Փաշինյանի քաղաքականությունը ձախողված է: Բոլորն էլ ցանկանում են հարաբերությունները կարգավորել հարեւանների հետ, բոլորն էլ ցանկանում են տնտեսական առավելություններ ստանալ, բայց այստեղ հարցը հետեւյալն է` ո՞րն է այդ ամենի գինը: Ողջ խնդիրը սա է, բայց քանի դեռ չի ասել Փաշինյանը, թե որն է այն գինը, որ պետք է վճարենք այդ ամենի դիմաց, չենք կարող հստակ գնահատականներ տալ: Ամեն դեպքում, Ադրբեջանից հնչող սպառնալիքները, Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելն առիթ են տալիս մտածելու, որ ոչինչ չի ընթանում ճիշտ ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: