Իսկ պատերազմից խուսափել կամ գոնե պատերազմը հետաձգել չի կարողանա Հայաստանի ոչ մի ղեկավար
Պատերազմից հնարավոր չէ խուսափել, պատերազմ, միեւնույն է, կլինի: Եթե մեր շուրջը մշտական պատերազմներ են, մենք չենք կարող «խաղաղության խաչմերուկ» լինել: Չլինի այս՝ բացառապես իր հոգեբանական տվայտանքներով շարժվող եւ իրականության հետ կապը կորցրած ղեկավարը, լինի ուրիշ՝ ավելի սոլիդ եւ խելամիտ անձնավորություն, միեւնույն է՝ հետաձգել այն ժամը, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի հարձակվել, չի հաջողվի: Եթե այս մեկ տարում, մինչեւ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը, հանգամանքները նպաստավոր լինեն Ալիեւի համար, նա կանի դա, «շնորհակալ» չի լինի Հայաստանի վարչապետին՝ վերջինիս չափազանց «բարհամբույր» վերաբերմունքի համար: Հարմար պահը լինի դրանից հետո՝ հարձակումը կձեռնարկի այդ ժամանակ:
Փաշինյանի եւ որեւէ այլ ղեկավարի տարբերությունն, այսպիսով, այն չէ, որ մեկը կկարողանա կանխել պատերազմը, մյուսը՝ ոչ: Խնդիրն այն է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք ո՛չ տնտեսապես, ո՛չ բարոյապես, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով պատրաստ չլինենք պատերազմին, հանձնենք, զիջենք հայկական պետականությունը: Իսկ մեկ այլ ղեկավար, որի ուշքնումիտքը միայն սեփական աթոռը, սեփական ամբիացիաները, Ֆեյսբուքում սրա-նրա «պորտը տեղը դնելը» չի, կմտածի, թերեւս, թե ինչպես կազմակերպել դիմադրությունը (այդ բառի լայն իմաստով) եւ կփորձի պահպանել պետականությունը: Ինչն, իհարկե, անցած «փառապանծ» ղեկավարումից հետո շատ դժվար կլինի բոլոր դեպքերում:
Պարզ օրինակներ բերեմ: Ալիեւը մանրամասնորեն մշակված ծրագիր ունի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հետ կապված: Փաշինյանը, բնականաբար, ի վերջո կասի, որ դա OK է, «բա հո դրա համար պատերազմ չենք սկսելու»: Փաշինյանական զանգվածի համար դա նույնպես OK է՝ «Շատ լավ է անում մեր վարչապետը, բա որ Սերժի վախտ…»: Ադրբեջանցիները գալիս են իրենց զինված ուղեկալներով, Էջմիածնում իրենց «հոգեւոր կենտրոնը» հիմնելով: Ի՞նչ է դա, եթե ոչ պատերազմի սկիզբ:
Կարդացեք նաև
Հիմա պատկերացրեք մի ղեկավարի, որն ասում է, որ այդ «վերադարձը» OK չէ: Այդ «ոչ»-ը դարձյալ կարող է հանգեցնել պատերազմի: Բայց մի դեպքում մենք ՀՀ տարածքում կունենանք 300 հազար ադրբեջանցիներ՝ իրենց զինված ջոկատներով, մյուս դեպքում չենք ունենա:
Կամ՝ մեկ այլ օրինակ: Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատն ասում են՝ «մեր հոգեւորականները սրբապիղծ, մանկապիղծ են եւ պոռնկաբարո»: Փաշինյանական զանգվածը դրա հետ, իհարկե, համաձայն է՝ «Հա, ճիշտ է ասում մեր վարչապետը, էն օրը բաջանաղիս հորեղբայրն իր աչքով տեսավ, որ…»: Հազարավոր մարդիկ կան Հայաստանում եւ առավել եւս՝ Սփյուռքում, որոնք դրա հետ համաձայն չեն, կամ կարծում են, որ դրանով չպիտի զբաղվեն երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները: Այդ ու բազմաթիվ այլ բաժանումները մեր մեջ ստեղծում, առաջացնում են թշնամանք, ատելություն: Մենք կկարողանա՞նք այդ վիճակում կռվել նույն խրամատում: «Խրամատը» դարձյալ պետք է հասկանալ լայն իմաստով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2025
Եկեղեցու գլուխը բացահայտ բորբոքում է քաոս Հայաստանում իսկ դուք առաջարկում եք ներել նման հանցանքը և դրանով իսկ տապալել պետականությունը։ Ով ձեզ ասեց որ 300 հազ ադրբեջանցի կարող են գալ Հայաստան իսկ 500 հազ հայ չի կարող նույն պայմանով վերադառնալ իրենց տները Բաքվում և այլուր։ Եվ այո, կարելի է նախնական համաձայնել որոշ անհարմար պայմաններին, բայց դա չեզոքացնել նման անհարմար պայմաններով հակառակորդին։ Բոլոր դեփքերում Ալիևին պատերազմ սկսելուն խանգարում է միջազգային իրավիճակը, այլ ոչ թե Փաշինյանի թվացյալ զիճումները։
Արա, ձեր հակասական պնդումները նման են ՔՊ֊ական թերի աշխարհընկալումներին։ Հենա հայերն ապրում էին Արցախում իրենց տոհմիկ հողերում, ում էին խանգարում, թող խաղաղության կնքման դիմեին հարևանները, սկսեին խոսել սահմանները բացելու մասին։ Աբրահամյանն ասում է, որ թե Փաշինյանի իշխանության ներքո հայ ժողովուրդը Հայաստանում կորցնում է ինքնապաշտպանության, դիմադրության կարողությունը։ Իսկ կաթողիկոսից Փաշինյանին ուղղված հեռանալու հորդոր ենք լսել մի երկու անգամ ու ժամերգություն, ուրիշ ի՞նչ ենք լսել։
Մարդիկ կան, լրիվ կորցրել են ազգային ինքնազգացողությունը, ափսոսալի է։ Ականջ չունեն, որ լսեն՝ ինչ է կատարվում, աչք չունեն, որ տեսնեն՝ ինչ է կատարվել։ Գլուխ է՞լ չունեն՝ հասկանան։ Հայաստանը ճգնաժամի մեջ է, իսկ Փաշինյանի ու ՔՊ֊ական գործիչների անձնական ամբիցիաներն ու անձնական ճգնաժամերը թանկ են նստում Հայաստանի վրա։ Պատերազմի հետևանքները անտեսվում են, չեն արտահայտվում, չեն բարձրաձայնվում, չեն լուծվում հնարավորին չափով․ Հայաստանն իրոք ճգնաժամի մեջ է։ Մենք ավելի լավ քաղաքական առաջնորդության ենք արժանի։